Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում մեր հանրապետությունից հանդես է եկել յոթ դահուկավազորդ՝ Սերգեյ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Հովհաննես Սարգսյանը, Շավարշ Գասպարյանը, Սյուզաննա եւ Վալյա Վարոսյանները:
Տղամարդկանց 10 կմ եւ կանանց 5 կմ դասական ոճի որակավորման մրցումներում միայն առաջին տասնյակում տեղ զբաղեցնողներն էին պայքարը շարունակելու իրավունք ստանում: Ընդ որում, կանայք փետրվարի 28-ին մրցելու են արդեն 10 կմ դասական, իսկ տղամարդիկ՝ 15 կմ դասական ոճի (մարտի 1-ին) եզրափակչում: Այս փուլը գերազանց հաղթահարեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող, աշոցքցի Սերգեյ Միքայելյանը: Մեկնարկի ելած 47 մասնակիցների հետ մրցակցությունում 18-ամյա հայ դահուկորդը 10 հազար մետրն անցավ 30:20.6 ժամանակում: Դա օրվա երրորդ արդյունքն էր եւ ընդամենը 21 վայրկյան էր պակաս՝ հաղթող ճանաչված նորզելանդացի Բենջամին Կունսի ցուցանիշից: Նույն մրցատարածությունում հանդես եկած մեր մյուս տղաներից Թադեւոս Պողոսյանը գրավեց 24-րդ, Շավարշ Գասպարյանը՝ 32-րդ, իսկ Հովհաննես Սարգսյանը՝ 40-րդ տեղը:
Կանանց հինգ հազար մետրում հանդես եկավ 16 դահուկորդուհի: ՖԻՄԱ-ի աշոցքցի անդամներ Սյուզաննա Վարոսյանն ու Վալյա Վարոսյանը, համապատասխանաբար, գրավեցին 8-րդ եւ 14-րդ տեղերը:
Երեկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ առաջին անգամ է, որ աշխարհի առաջնությունների այս մրցատարածությունների որակավորման մրցումներում Հայաստանի մարզիկները հայտնվում են առաջատարների տասնյակում եւ հատկապես նշեցին Սերգեյ Միքայելյանի արդյունքը: Նա հունվարի վերջին էլ հաջող էր հանդես եկել Էստոնիայի Օտեպիա քաղաքում կայացած դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 80 մասնակիցների պայքարում գրավելով 27-րդ տեղը: