Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց: Այս անգամ հայ շախմատիստուհին սպիտակներով 74-րդ քայլում պարտության մատնեց բազմափորձ Մայա Չիբուրդանիձեին: Մրցաշարի 12 մասնակիցներից միայն Էլինան ու վրաստանցի Նանա Ձագնիձեն են, որ միավոր չեն կորցրել եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ցավոք, անհաջողության մատնվեց մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը, որն աշխարհի ներկայիս ուժեղագույն կին շախմատիստներից մեկին՝ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային համառ դիմադրություն ցույց տալուց հետո պայքարը դադարեցրեց 79-րդ քայլում:
Երեկ երրորդ տուրում Դանիելյանը խաղում էր Մոնգոնտուլ Բաթույագի (Մոնղոլիա), իսկ Մկրտչյանը՝ Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ: