Փետրվարի 14-21-ը Սուրբ Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)՝ գլխավորությամբ Սուրբ Գեղարդավանքի վանահայր տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում: Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա՝ Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին համերգը կայացավ Հայդենհայմ քաղաքի Սուրբ Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Երգչախմբի գերմանացի բարեկամ, երաժիշտ Քրիստիան Վայդայի կողմից կատարվեց նաեւ համերգի պրոֆեսիոնալ ձայնագրություն: Համերգը կազմակերպել էր «Neuer Kammerchor» երիտասարդական երգչախումբը՝ Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Այս երգչախմբի հետ «Շիլլեր գիմնազիումի» փորձասրահում տեղի ունեցավ հանդիպում-փորձ, որի ընթացքում Ա. Պապայանի խմբավարությամբ գերմանական երգչախմբի երիտասարդ անդամները սովորեցին Կոմիտասի՝ «Ելա տանիս» ժողովրդական երգի մշակումը: Այնուհետ «Neuer Kammerchor»-ի անդամները կատարեցին Ռ. Ամիրխանյանի «Երազի իմ երկիր» ստեղծագործությունը, որը սովորել էին դեռ անցյալ տարի Հայաստան կատարած համերգային ուղեւորության առիթով: Հատկապես նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրված էր առավելագույն տեւողությամբ ելույթի հնարավորություն: Ուշագրավ էր միացյալ երգչախմբի՝ Բախի «Singet dem Herrn» ստեղծագործության մի հատվածի կատարումը՝ նշանավոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարությամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանյան խմբի կատարումները:
Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմորեն հյուրընկալեցին տեղի հայ համայնքները՝ տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի եւ տ. Տիրատուր քահանա Սարդարյանի գլխավորությամբ: Փետրվարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրվարի 20-ին Հանաուում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Գեղարդավանքի երգչախմբի մասնակցությամբ: Պատարագիչն էր տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը: