Կրկին ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ
Դեռեւս երկու տարի առաջ «Առավոտն» անդրադարձել էր հարավկորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուի երեւանյան համերգին: Երաժշտասերների ընդունելությունը չափից ավելի ջերմ էր: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժորը դարձյալ կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), այս անգամ հնչեցնելով Սիբելիուսի, Գրիգի ստեղծագործություններից:
Ի՞նչն է պատճառը, որ այս կարճ ժամանակահատվածում արվեստագետը նորից ընդունել է ՀՊՖՆ-ի հրավերը: Գուցե այն, որ իր եւ ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի միջեւ առկա է ստեղծագործական նախասիրությունների ընդհանրություն: Հիշեցնենք, որ գերծանրաբեռնված ստեղծագործական կյանքով ապրող Վիկտորին Յուն նախորդ այցին մեզ ասել էր, որ թեեւ օպերային արվեստի սիրահար է, սակայն ընդամենը մեկ անգամ է ղեկավարել օպերային ներկայացում (1980թ. Սեուլում, Մասնեի «Մանոն» օպերան): Էդ. Թոփչյանը, ի տարբերություն հարավկորեացի իր կոլեգայի, իրականացրել է համաշխարհային օպերային գրականության 12 գործի համերգային կատարում ու բեմադրություն:
Նախօրեին հյուրախաղորդ դիրիժորն ասաց, որ վերջերս Կորեայում իրականացրել է Ռավելի «Իսպանական ժամ» օպերայի բեմադրությունը: Համեստորեն ավելացրեց, որ օպերային բեմադրությունների «մասով» իրեն դեռ շատ ժամանակ կպահանջվի հասնել իր հայ կոլեգային: Հայտնեց նաեւ, որ բացի Հայաստանի ֆիլհարմոնիկի երաժիշտներից, ինքը տպավորված է նաեւ հանդիսատեսով:
ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանից եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանից, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ են հաճախ հրավիրվում նույն արվեստագետները: Տիկին Սիրունյանի պատասխանը հակիրճ էր՝ «Մենք էլ հանդիսատեսի շրջանում ենք անցկացնում մոնիտորինգ»: Թոփչյանն էլ իրեն հատուկ «ըմբոստությամբ»՝ ոգեւորված թվարկեց հարավկորեացի դիրիժորի առավելությունները. «Ջոնգը Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ թողարկել է 14 CD՝ սա մեկ, երկրորդ՝ իբրեւ կոմպոզիտոր նրա «Tano» ռապսոդիան, 1988թ. Սեուլի օլիմպիական խաղերին նվիրված քայլերգը մինչ օրս կատարվում են արեւմուտքում, երրորդ՝ նա հայտնի է Բախից մինչեւ «Բիթլզ»՝ իր նվագախմբային մշակումներով ու փոխադրումներով, էլի՞ թվարկեմ…»: