Ռուսաստանին անհանգստացնում է Հյուսիսային Աֆրիկայում արմատական մահմեդականների ազդեցության ուժեղացումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հյուսիսային Կովկասում իրավիճակի վրա: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայում եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ Հյուսիսային Կովկասում զարգացումների հետ դրանց հնարավոր կապին, ապա, Պուտինի ասելով՝ հյուսիսաֆրիկյան երկրներում ծայրահեղական իսլամիստների ազդեցության ուժեղացումը եւ իշխանության գալու հեռանկարի հնարավորությունը, որը թեեւ քիչ հավանական է համարվում, այդուհանդերձ, իսկապես, ՌԴ-ին անհանգստացնում է: ՌԴ վարչապետն ընդգծել է, որ «եթե դա տեղի ունենա, ապա չի կարող չազդել նաեւ աշխարհի այլ տարածաշրջանների, այդ թվում՝ իհարկե, նաեւ Հյուսիսային Կովկասի վրա»: