Մարտերը Լիբիայի արեւմտյան հատվածում գտնվող բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիի համար շարունակվում են: Երկրի ղեկավար Մուամար Քադդաֆիի կողմնակիցները փորձում են ամրապնդել իրենց վերահսկողությունը Տրիպոլիում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Զոհվածների ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան. նշվում է 300-ից մինչեւ 1000 սպանվածների մասին: Չնայած միջազգային հանրության կոչերին ու հորդորներին` արյունալի մարտերը Լիբիայում չեն դադարում։ Արեւմտյան լրատվամիջոցների ու մասնավորապես BBC-ի հաղորդմամբ, ընդդիմությունը հետզհետե ամրապնդում է դիրքերը՝ վերահսկողության տակ առնելով նոր քաղաքներ, հիմնականում՝ երկրի արեւելյան շրջաններում։
Քադդաֆիի ազդեցության տակ է մնում մայրաքաղաք Տրիպոլին եւ երկրի արեւմուտքը: Այդուամենայնիվ, հաղորդումների համաձայն, ընդդիմադիր շրջաններում հարյուրավոր մարդիկ այժմ հերթի են կանգնում՝ զենք ստանալու եւ իշխանական զորքերից մայրաքաղաքը ազատագրելու համար։
Արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող մարտերին հինգշաբթի օրը առաջին անգամ անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ ներկայացնելով պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ։ «Լիբիայում շարունակվող արյունահեղությունն ու տառապանքը, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարներին սպանելու վերաբերյալ սպառնալիքներն ու հրահանգները անընդունելի են եւ աղաղակող։ Այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու պատշաճության բոլոր ընդունված չափանիշները, բռնություններին պետք է վերջ տրվի»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը՝ միաժամանակ ընդգծելով, որ վարչակազմը պետք է պատասխան տա ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների համար եւ «համապատասխան գին վճարի՝ մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարելու դիմաց»։ «Ինչպես եւ աշխարհի ցանկացած այլ երկրի կառավարություն, Լիբիայում եւս վարչակազմը պարտավոր է զերծ մնալ բռնություններից, թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին եւ հարգի սեփական ժողովրդի իրավունքները»,- հայտարարել է Բարաք Օբաման։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն խորհրդակցություններ է սկսել դաշնակից երկրների հետ՝ որոշելու, թե ինչ արձագանք կարող են տալ պաշտոնական Վաշինգտոնն ու միջազգային հանրությունը՝ ստեղծված իրավիճակին։ Առանց որոշակիացնելու, թե ինչ միջոցառումներ կարող են ձեռնարկվել Լիբիայի գործող իշխանությունների դեմ, Օբաման ընդգծել է, որ այս հարցում միջազգային համայնքը պետք է միասնական լինի։ Նա նաեւ ասել է, թե Լիբիայում անցումը ժողովրդավարության՝ պետք է լինի խաղաղ, ինչպես եղավ Թունիսում կամ Եգիպտոսում:
Reuters-ի մատուցմամբ էլ, Լիբիայի թվով երկրորդ խոշոր քաղաքի՝ Բենգազիի բնակիչները քարուքանդ են արել Մուամար Քադդաֆիի կողմից ընդդիմության եւ ժողովրդի դեմ օգտագործվող վարձկան մարտիկների ավաններն ու ձերբակալել են տասնյակ վարձկանների, որոնք պահվում են քաղաքի կենտրոնի դատարանի շենքում: Բնակիչները նաեւ կոմիտեներ են ձեւավորել՝ քաղաքը ղեկավարելու համար:
Ընդսմին, երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, թե ալյանսը չի միջամտելու Լիբիայում իշխանությունների եւ ընդդիմության հակամարտությանը՝ ընդգծելով, թե ՆԱՏՕ-ն իրավիճակին միջամտելու որեւէ խնդրանք չի ստացել: