Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մշակութային տոն էր: Բուհի օտար լեզուների ամբիոնը, իր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, տարբեր ֆակուլտետների բակալավրատի, մագիստրատուրայի եւ միջին մասնագիտական կրթության (քոլեջ) խմբերում սովորող ուսանողների հետ համատեղ, կազմակերպել էր «Սեր եւ պոեզիա» գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված հայկական տոնացույցի տոներից երկուսին՝ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին եւ Տեառնընդառաջին: Ուսանողները, ցուցադրելով իրենց ճարտասանական, երաժշտական հմտությունները, ներկայացրին դրվագներ հայկական եւ համաշխարհային պոեզիայի գոհարներից: Հնչեցին հայ եւ օտարազգի գրողների սիրային բանաստեղծությունները: