Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, «168 ժամ» օրաթերթի փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել էր հոդված՝ «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով, որով տեղեկացվել էր, որ նշված դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի՝ Ս. Նազարյանի որդու եւ վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին՝ ծեծի ենթարկվել: Քրեական գործի հիմքի առիթ դարձած հոդվածի համաձայն, հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել եւ եղունգներով ճանկռել նրան՝ այնուհետեւ պարտադրել տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին՝ Բ. Եղիազարյանին, ով նաեւ հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն: Գործի վարույթը գտնվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում: