Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը՝ «Օրրանում»

Փետրվար 25,2011 00:00

\"\"«Օրրանը» երեկ ցնծության մեջ էր: Պատճառը աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի այցն էր: Հայ ազգի պարծանքը հանդիսացող բռնցքամարտիկը «Օրրանի» ամենասպասված հյուրերից էր:

«Օրրան» բարեգործական հ/կ հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզիկը շրջեց «Օրրանում» եւ ծանոթացավ սաների առօրյային: Անմիջականորեն շփվելով երեխաների հետ՝ Արթուրը չկարողացավ թաքցնել իր հուզմունքը: Մանուկների երգն ու պարը իսկապես տպավորեցին նրան: Իսկ երեխաներից մեկի հարցին՝ մարզիկը ինչպե՞ս է մարտի ժամանակ դիմանում հակառակորդի հարվածներին եւ ուժ վերագտնում պայքարելու, նա պատասխանեց. «Կյանքը պայքար է, ցանկացած իրավիճակում պետք է կարողանալ ուժ գտնել դիմակայելու համար: Մարտը կյանքի փորձություններից մեկն է»: Արդեն փայտագործության աշխատասենյակում Արթուրին առանձնակի ոգեւորությամբ եւ ակնածանքով էր սպասում Մանուկը, որը մարզիկին հանձնեց իր ձեռքի աշխատանքը՝ փայտե խաչը: Իսկ կավագործության աշխատասենյակում փոքրիկ Գուրգենը մարզիկին նվիրեց կավե հրեշտակ: Աբրահամը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Օրրանի» սաների նվերները եւ հույս հայտնեց, որ դրանք իրեն հաջողություն եւ հաղթանակ կբերեն նույնիսկ ամենաանհաղթահարելի թվացող մարտերում: Մարզիկը խոստացավ անպայման վերադառնալ «Օրրան» եւ այս անգամ արդեն ավելի երկար ժամանակ հատկացնել երեխաներին:

Հիշեցնենք, որ «Օրրանի» առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երկրի տնտեսական ճգնաժամի հետեւանքով փողոցում հայտնված երեխաներին՝ նրանց ներգրավելով կրթական, մշակութային եւ արտադասարանական միջոցառումներում, օգնել անապահով երեխաների ընտանիքներին, ինչպես նաեւ աջակցել միայնակ ու կարիքավոր տարեցներին՝ կանխելով աղքատության ու մուրացկանության տարածումը Հայաստանի մանուկների ու մեծահասակների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել