Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության փողերի վրա կալա՞նք են դրել

Փետրվար 25,2011 00:00

Գիտնականների աշխատավարձերն ուշանում են

Վերջին օրերին «Առավոտը» ԳԱԱ գիտական ինստիտուտների տարբեր աշխատակիցների եւ ասպիրանտների կողմից անդադար դժգոհություններ է ստանում՝ կապված աշխատավարձերի եւ ասպիրանտական թոշակների ուշացման հետ: Մեզ դիմած գիտնականներն ու ասպիրանտները նեղսրտում են, թե իրենք արդեն երկու ամիս աշխատավարձ եւ թոշակ չեն ստացել:

Այս հարցի վերաբերյալ կան տարաբնույթ մեկնաբանություններ. գիտնականներից շատերը մտահոգություն ունեն, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության՝ ակադեմիական հիմնարկներում եւ Գիտության պետական կոմիտեում կատարված ստուգումներից եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերումից հետո, որոշվել է սառեցնել գիտությանը տրվող ֆինանսները: Մեզ դիմած գիտնականները նշված իրավիճակի մեղքը գցում են Գիտության պետական կոմիտեի վրա՝ պատճառաբանելով, թե կոմիտեի գործողությունների հետեւանքները ստիպված են իրենք կրել: Մյուս պատճառաբանության համաձայն՝ գիտնականների աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ ԿԳՆ-ն ֆինանսական հաշվետվություններում ինչ-ինչ սխալներ է կատարել, իսկ ֆինանսների նոր նախարարը խստորեն է վերաբերվում բոլոր փաստաթղթերին, այդ պատճառով էլ ֆինանսավորումն ուշանում է: Գիտական այն ինստիտուտները, որոնք ենթարկվում են ոչ թե ԿԳ նախարարությանը կամ ԳԱԱ-ին, այլ ուրիշ գերատեսչությունների, աշխատավարձ վաղուց ստացել են: Օրինակ՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որը գտնվում է էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ, չունի աշխատավարձի խնդիր: «Առավոտը» զրուցեց մի շարք ակադեմիական ինստիտուտների տնօրենների հետ նույնպես:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նշեց. «Մեզ մոտ էլ է նույն իրավիճակը, ինչ մյուս ինստիտուտներում. մինչեւ այժմ մեր աշխատակիցները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը, եւ ոչ մի հստակ բան չեն ասում, թե որն է դրա պատճառը»: Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահրամ Հակոբյանն էլ վրդովվեց. «Այո՛, մենք դեռ նախորդ ամսվա աշխատավարձը չենք ստացել: Մեզ ոչ մի հստակ բան չեն ասում: Մեկ պատճառաբանում են, թե խնդիրը կապված է պայմանագրերի հետ, մեկ՝ ինչ-որ հարցեր են առաջ քաշում: Օրինակ, ըստ որոշ խոսակցությունների՝ Գիտության պետական կոմիտեի ֆինանսները սառեցվել կամ կալանքի տակ են դրվել՝ այնտեղ հայտնաբերված խախտումների պատճառով: Բայց, մեր տեղեկությունների համաձայն՝ երեկ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ նախագահին եւ բարձրացրել ակադեմիական հիմնարկներում աշխատավարձերի ուշացման հարցը: Ուստի նախատեսվում է, որ առաջիկա օրերին այդ խնդիրը կլուծվի: Ախր պայմանագրեր ենք ստորագրել, որոնցով սահմանված են ամբողջ տարվա աշխատանքների ծավալն ու ֆինանսավորումը»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ տեղեկացրեց. «Իմ տեղեկությունների համաձայն, աշխատավարձերի ուշացման պատճառներից է այն, որ վճարման կարգի հետ կապված որոշ փոփոխություններ են կատարվել. փաստորեն, նախկինում առանձնացված գոյություն ունեցող բազային եւ թեմատիկ ֆինանսավորումներն այժմ միավորվել են, դառնալով միայն բազային: Ուստի այս հարցերի հստակեցումից հետո պետք է որ գիտնականներին աշխատավարձ տան»: Մեր այն դիտարկմանը, թե աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ այդպիսով ցանկանում են սառեցնել գիտությանը հատկացվող գումարները, պարոն Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Եթե միջին աշխատավարձը կազմում է հիսուն հազար դրամ, սառեցված վիճակում ենք, էլի…»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշված դժգոհությունների վերաբերյալ «Առավոտին» պարզաբանեց. «Ձգձգման պատճառը փաստաթղթային հարցերն էին, որոնք կապված են ֆինանսների, կրթության եւ գիտության նախարարությունների ու գիտության պետական կոմիտեի հետ: Արդեն ֆինանսների հոսքը բացված է, եւ առաջիկա օրերին գիտական ինստիտուտների աշխատակիցները աշխատավարձ կստանան»: Հավելենք, որ դեռ երեկ էին գիտնականներին խոստացել, թե աշխատավարձ կստանան, ինչն այդպես էլ տեղի չունեցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել