Նախկին լուսավորության նախարարը՝ կրթության ոլորտի մասին
Ս. Հախումյանն ու ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով 1973-ին մանկավարժ է «մկրտվել» հենց Հախումյանի հրամանով:
Սեմյոն Հախումյանը կրթության ոլորտի հնաբնակներից է, եղել է ԵՊՀ փոխռեկտոր, Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների համալսարանի ռեկտոր, լուսավորության նախարար՝ 1973-1989թթ: Այժմ նա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է: Ասում է՝ խնդրել են, որ փորձը փոխանցի:
Օրերս պարոն Հախումյանին հանդիպեցինք Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որտեղ հետեւում էր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննություններին: Ս. Հախումյանն «Առավոտին» ասաց, որ նորմալ է համարում նման քննությունները ու գտնում է, որ դպրոցների ղեկավարները պետք է բարձր գիտելիքներ ունենան, որովհետեւ նրանցից շատ բան է կախված: Նա դրական է գնահատում Ա. Աշոտյանի օրոք մտցված այս նորությունը՝ հավելելով. «Ոչ միշտ է, որ նորը լավ է լինում: Ի դեպ, ինձնից հետո 16 նախարար է եղել: Ամեն մի նախարար, որ գալիս էր, ինչ-որ ռեֆորմ էր ուզում մտցնել, ինչը սխալ է… Իմ կարծիքով, դպրոցը եւ կրթությունն ընդհանրապես բավականին կոնսերվատիվ երեւույթ են՝ լավ առումով, ու ամեն նոր եկող չպետք է միանգամից հեղաշրջում կատարի ոլորտում»:
Մեր դիտարկմանը, թե մամուլում շատ է քննադատվել Հայ ուսուցչի երդումը, որի խոսքերի հեղինակն ինքն է, նախկին նախարարը պատասխանեց. «Ճիշտ են արել, որ քննադատել են, որովհետեւ այն տեքստը, որ ես էի տվել՝ աղավաղվել է: Չեմ կարող ասել, որ իմը իդեալական տեքստ էր, բայց երեւի այն գնահատականները եւ խոսքերը, որ կային իմ տարբերակում, ավելի ճիշտ էին բնորոշում երեւույթը: Ես նախարարի հետ պայմանավորվել եմ, որ եւս մեկ անգամ նայի երդման տեքստը ու հաշվի առնի բոլոր դիտողությունները»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ իր կարծիքով նախկինո՞ւմ էր կրթության համակարգն ավելի կոռումպացված, թե՞ հիմա: «Ցավոք՝ հիմա… Պատճառներն էլ սոցիալական խնդիրներն են, որոնք ստեղծում են մի մթնոլորտ, որը բերում է կոռուպցիոն երեւույթների: Դժվար է, բայց այդ չարիքի դեմ պետք է պայքարել, ցավոք, կրթության համակարգը հեղեղված է նման բաներով: Ժամանակին ես նույնիսկ արգելեցի Մարտի 8-ին ծաղկեփունջ նվիրելը: Այդ տարիներին ծաղկեփունջը շատ թանկ արժեր: Նախկինում էլ կոռուպցիոն դրսեւորումներ կային, օրինակ՝ մեդալակիրների, միջին բալ հասկացության հետ կապված, աշխատեցինք, ու բարելավվեց վիճակը: Հիմա էլ բազմաթիվ են խնդիրները, օրինակ՝ տնօրենի եւ դպրոցական անձնակազմի մակարդակը պետք է բարձրացնել, նշաձողը շատ է ընկել… Դա մտածելու բան է»: Մեր զրույցի ավարտին Ս. Հախումյանը կատակով ասաց. «Հարցազրույցիս հոնորարը խնդրում եմ հետո ուղարկել Շվեյցարիա՝ իմ հաշվեհամարին»: