Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում, ինչպես Երեւանում

Փետրվար 25,2011 00:00

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում էլ է բարձրացել ալկոհոլ եւ սիգարետ վաճառելու թույլտվության գինը

2010 թվականի փետրվարի 10-ին «Քաղաքապետն ընդդեմ ՓՄՁ-ի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կամոք քաղաքի ավագանին որոշեց սիգարետ եւ ալկոհոլ վաճառելու թույլտվության գինը 400%-ով բարձրացնել, ընդ որում՝ նույն գոտում գտնվող փոքրիկ խանութն ու սուպերմարկետը նույն գումարը պետք է վճարեն: Սա այն դեպքում, երբ սուպերմարկետը միայն գովազդային պաստառից մոտ մեկ միլիոն դրամ է ստանում, իսկ ծայրամասի շենքերի բակում «ծվարած» փոքրիկ խանութը նման հնարավորություն չունի: Փոքր ու միջին ձեռներեցության դեմ այս որոշումը տեղադրված չէր Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Պարզվում է, մայրաքաղաք Երեւանը այս առումով օրիգինալ չէ: Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի խանութպաններն էլ դժգոհ են ծխախոտ եւ ալկոհոլային խմիչք վաճառելու լիցենզիայի համար ավագանու սահմանած վարձավճարի չափից: Ըստ նրանց՝ արդարացի չէ տարեկան 96 հազար դրամ հարկման գին սահմանել ե՛ւ փոքր խանութների, ե՛ւ մեծերի համար:

«Սիգարետի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքից՝ կրպակ հիշեցնող իմ խանութում օրական շրջանառությունը չի գերազանցում 15 հազար դրամը: Ես էլ պետք է տարեկան 96 հազար դրամ վճարեմ, միլիոնների շրջանառություն ունեցող մեծ խանութների տերե՞րն էլ: Որտե՞ղ է տրամաբանությունը»,- ասաց կրպականման խանութի սեփականատերը: Վերջինիս փոխանցմամբ՝ երբ իրենք իրենց դժգոհությունն արտահայտել են քաղաքապետարանում, պատասխանել են՝ ոչինչ անել չեն կարող, որովհետեւ դա ավագանու որոշումն է: «Լավ, բա ավագանին որոշում կայացնելուց առաջ չէ՞ր մտածում մի հանձնաժողով ստեղծեր ու պրոֆեսիոնալ հաշվարկներով տրամաբանված գներ սահմաներ: Թե՞ այդպես ստանդարտ մոտեցումը գլխացավանքից հեռու կպահեր: Ի՞նչ է նշանակում՝ մեծ ու փոքր մի գնի տակ»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ ստիպված է եղել մի որոշ ժամանակ հրաժարվել ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքից, բայց կարճ ժամանակ անց հասկացել է, որ հաճախորդներ է կորցնում: «Ովքեր խանութ էին մտնում մի տուփ ծխախոտ գնելու, ձեռքի հետ էլ ինչ-որ մի բան էին գնում՝ խթանելով առեւտուրս: Բայց երբ դրանց առեւտուրը մի քանի օր դադարեցրի, նկատեցի, որ կորցնում եմ հիմնական հաճախորդներին: Նորից վերականգնեցի»:

Էջմիածնի քաղաքապետարանը ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքն արտոնող լիցենզիայի ստացման վերջնաժամկետ է սահմանել մինչեւ փետրվարի վերջը: Նշված ժամկետը խախտող եւ առանց լիցենզիա աշխատող խանութները բացահայտելուց հետո՝ խանութատերերը ստիպված կլինեն 150 000 դրամ տուգանք վճարել: «Եթե 150 000 ունենայի, էնա՝ կտանեի լիցենզիա կհանեի, էլ ո՞ւր էի ձգձգում»,- նկատեց խանութներից մեկի տնօրենը: Վերջինս առաջարկում է կամ լիցենզիա ստանալու ժամկետը երկարացնել մինչեւ հունիս, կամ փոքր խանութների դեպքում վերանայել ավագանու սահմանած 96 հազար դրամը:

Իսկ Էջմիածնի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ սիգարետ եւ ալկոհոլային խմիչք վաճառելու թույլտվության գնի բարձրացման հարցով մտահոգ է նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետարանից միաժամանակ տեղեկացրին, որ հարցը կարգավորվում է «Տեղական տուրքերի մասին» օրենքով, Ազգային ժողովն է օրենքը փոխել: Էջմիածնի քաղաքապետարանն էլ լիցենզիայի տրամադրման համար հարկի նվազագույն շեմն է ընտրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել