ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո
Երկար, երկար ժամանակ է մամուլի էջերից եւ հեռուստաէկրաններից խոսում ենք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ստեղծված իրավիճակի մասին՝ այդպես էլ ամբողջապես ու խորքային գնահատականներ չտալով կատարվածին, չթափանցելով արձանագրված երեւույթի մեջ: Խորքային գնահատական չենք տալիս նաեւ մյուս ակադեմիական ազգային՝ Օպերայի եւ բալետի թատրոնում ձեւավորված կացությանը՝ այսպես հնարավորություն տալով ՀՀ մշակույթի նախարարությանը, վարչապետին ու երկրի նախագահին՝ շարունակելու ավերածությունները ազգային թատերական դաշտում, մասնավորաբար այս երկու թատրոններում, որոնք արդեն իսկ փոխել են իրենց կարգավիճակն ու նշանակությունը՝ խաղացանկային թատրոններից վերածվելով անհասկանալի կառույցների: Հենց կարգավիճակի փոփոխության հարցն է, որ խնամքով թաքցնում են մեր թատերարվեստի ջարդարարները՝ ամեն ինչ պարտակելով «ազատ բեմի» ու «անտրեպրիզայի» շրջանակներում: Թատերական գործիչներս շատ ավելի սեւեռվել ենք գեղարվեստական ղեկավար-առաջնորդ խնդրին՝ չնկատելով, որ այդ ինստիտուտի լուծարումն ընդամենը մաս է կազմում մի մեծ ծրագրի, որի «գաղափարաբանության» հիմքում երկու ակադեմիական թատրոնների չգոյացումն է, մի նոր ու ակադեմիական թատրոնի կարգավիճակին ոչ համահունչ ծրագրի կենսագործումը:
Երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ իրեն բնորոշ անհոդաբաշխ նախադասությունների շարանով հայտարարեց Սունդուկյանի անվան թատրոնն «ազատ բեմ» հռչակելու ծրագրի մասին՝ միաժամանակ չթաքցնելով նեղլիկ-քինախնդիր «հայեցադրույթը», որի առանցքում Վահե Շահվերդյանից ազատվելու մտահղացումն էր, մենք կենտրոնացանք գեղարվեստական ղեկավարին հանիրավի ամբաստանելու եւ նրանից ազատվելու խնդրին, մինչդեռ սա իշխանությունների լարած թակարդն էր, որի մեջ հայտնվելով՝ թատերական գործիչներն այլեւս չնկատեցին, որ ամեն ինչ կենտրոնացնելով Վահե Շահվերդյանի անձի շուրջ՝ նրանք թաքցնում են մի հրեշավոր ծրագիր, որն արդեն իրականություն է դառնում: Այն, որ մասնագիտական անգրագիտություն է ակադեմիական թատրոնը «ազատ բեմի» վերածելու գաղափարը՝ շատերս գիտենք: Գիտենք նաեւ, որ միայն ազգային արվեստից ու մշակույթից հազարավոր մղոններով հեռու կանգնած, նույն այդ արվեստին ու մշակույթին թշնամացած մարդիկ միայն կարող էին կայացած խաղացանկային թատրոնից դուրս մղել ծրագրային թատրոնի գաղափարը՝ այն վերածելով ամենասովորական թատերախմբի՝ անծրագիր ու անհեռանկար: Սակայն չգիտեինք, որ մոտ երեք տարի իշխանությունները՝ Հասմիկ Պողոսյանին դարձրած իրենց ծրագրի խոսափողը, պիտի դիմեին «մանիպուլյացիաների»՝ ազնվություն ու քաջություն չունենալով խոստովանել, որ իրենց նպատակներն այլ են, որ չեն կամենում ունենալ խաղացանկային թատրոն, որ թատրոնը չի մտնում իրենց սպառողական-հակազգային պատկերացումների շրջագծի մեջ… Երկրի նախագահն ու վարչապետը ձեւ են անում, թե չեն նկատում Սունդուկյանի անվան թատրոնի գոյությունը, թե այս թատրոնն իրենց չի հետաքրքրում… Իսկ իրականում՝ նրանք հեռվից հեռու հետեւում են, թե ե՞րբ վերջնականապես կփլուզվի 90-ամյա այս հզոր կառույցը…
«Ազատ բեմի» գաղափարը անպայմանորեն ինքնատիպ ու առաջավոր կարող է դիտարկվել, եթե այն գործի որպես Սունդուկյանի անվան թատրոնի փորձարարական կառույց՝ այստեղ իրականացնելով այն բեմադրությունները, որոնք, ըստ էության, քիչ են մերձենում ազգային թատրոնի գեղագիտական եւ գեղարվեստական սկզբունքներին, սակայն հնարավորություն են տալիս ընդարձակելու թատրոնի որոնումների եւ հաստատումների շրջագիծը, ձեւավորելու նոր ու թարմ մտածողություն, ճշմարիտ փորձարան հանդիսանալու այն էքսպերիմենտների համար, որոնք այստեղ պիտի բերեն հատկապես երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Վ. Շահվերդյանի գեղարվեստական կառավարման շրջանում արդեն իսկ նմանատիպ բեմադրություններ իրականացվել են՝ կիրառելով «բեմ բեմի վրա» սկզբունքը, օգտագործելով թատրոնի Ձմեռային այգին… Ուրեմն, ոչ թե պետք էր ավերել ահռելի թատրոնը՝ իր արդեն մշակվող գեղարվեստական ծրագրով եւ դիմագծով, այլ Սունդուկյանի անվան թատրոնից դուրս բերել իշխանությունների սիրելի Արմեն Մազմանյանի գլխավորած «Գոյ» թատրոն-լաբորատորիան, որին նվիրաբերվեցին Երիտասարդական-փորձարարական թատրոնի հաստիքները, եւ փոքր բեմը տրամադրել էքսպերիմենտներին՝ այսպես մոտենալով «թատրոն-կոմբինատ» գաղափարին, ինչն առավել ու առաջավոր ու ժամանակակից մոտեցում կարող էր դիտարկվել: Ստեղծագործական ազատությունն ու նորարարությունը դարձնելով ուղենիշ՝ կարելի էր նաեւ օգտագործել թատրոնի ճեմասրահը՝ այստեղ իրականացնելով մենադրամաների բեմադրություններ, գիշերային ներկայացումներ… Բայց այս ամենի մասին մտածելու համար թատրոնական մտածողություն էր պետք ունենալ, պետք էր լինել ոչ թե ջարդարար, այլ՝ կառուցող, պետք էր ոչ թե վարչարարական մեթոդներով՝ անզոր լինելով թաքցնել շահադիտական մղումներն ու ոչնչացման կիրքը, այլ կառուցողական հայեցակարգերով մոտենալ խնդիրներին, մտահոգվել ժամանակակից թատրոնի մոդելի ստեղծմամբ: Բայց երկրի իշխանությունները նման բաներ չէին մտածում. նրանք վաղուց կամենում էին իրականացնել այն ծրագիրը, որն իրենց էր հուշել իշխանամերձ «բեմադրիչ» Արմեն Մազմանյանը, որի «փիլիսոփայությունը» Սունդուկյանի անվան թատրոնը ընդամենը մշակութային կենտրոն դարձնելն է, ծրագրային թատրոնի ոչնչացումը: Եթե միայն Սունդուկյանի անվան թատրոնում կիրառվեր այս «պաշտոնական էքսպերիմենտը», կարելի էր ենթադրել, թե սա մասնավոր դեպք էր, թե, իսկապես, Հասմիկ Պողոսյանը «մտահոգված» էր ստեղծել արդիական թատրոն, սակայն այսօր նույն վիճակն է տիրում Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, որը նույնպես կորցրել է խաղացանկային թատրոնի իր բնույթը: Ամսական ցուցադրվող 3-4 ներկայացումները, առաջնախաղերի սակավությունը, այսպես կոչված՝ «համաշխարհային» նախագծերի իրականացումները, որոնք կլանում են միլիոնավոր դոլարներ, այդպես էլ ոչինչ չտալով թատրոնին ու հանդիսատեսին՝ վկայությունն են այն բանի, որ նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրել է կործանել Օպերայի եւ բալետի թատրոնն էլ՝ մեզ զրկելով գեղարվեստական այն ձեռքբերումներից, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում: Հնացած լիբրետոյով, մաշված արտահայտչաձեւերով, արդի բալետային թատրոնի միտումները ժխտող խորեոգրաֆիայով կյանքի կոչված «Սպարտակը», «մեռյալ թատրոնի» ցայտուն արտահայտություն հանդիսացող «Աիդա» բեմադրությամբ մեր Օպերայի եւ բալետի թատրոնը, որը խորհրդային ժամանակներում ԽՍՀՄ առաջատար թատրոններից մեկն էր, նույնպես կորցրել է ընթացքի փիլիսոփայությունը: Այս թատրոնն էլ, ինչպես Սունդուկյանի անվան թատրոնը, գործում է առանց ծրագրի ու գեղարվեստական ղեկավարի, առանց երաժշտական ղեկավարի, իսկ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, ըստ էության, ստանձնել է մասնագիտությամբ մանրէաբան Հասմիկ Պողոսյանը, ով, պարզվում է, օպերային եւ բալետային արվեստի մեծագույն գիտակն է մեզանում… Ասենք, ինչո՞ւ չպետք է նա նման հավակնություններ ունենա, եթե բալետի լիբրետոյի հեղինակ է դառնում, հռչակվում է ֆիլմի սցենարի համահեղինակ… Մշակույթի եւ գրականության հանդեպ անտարբեր ու սպառողական մոտեցում ունեցողներին նշանավոր թարգմանիչ Սամվել Մկրտչյանը կոչում է «պետական խուժան»: Նոր բնութագրման հորինումն անիմաստ համարելով՝ ասենք, որ, այո, հենց նույն «պետական խուժանն» է այսօր տնօրինում այս երկու թատրոնի ճակատագիրը՝ վերջնական նպատակ ունենալով մեր գիտակցությունից ջնջել խաղացանկային թատրոն հասկացությունը:
Ստեղծված իրավիճակն այլեւս չի կարող հանդուրժելի լինել, մանավանդ որ՝ շատերը չեն ուզում ըմբռնել կատարվողի սարսափելիությունը, չեն ուզում հասկանալ, որ ամեն մի օրը կարող է ճակատագրական լինել, որ նախագահ Սարգսյանն այնքան ժամանակ պաշտոնանկ չի անի Հասմիկ Պողոսյանին, քանի դեռ նա իրականություն չի դարձրել մշակույթի ավերման հակազգային ծրագիրը: