Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագիրը ՏԻՄ ընտրության համար չէ

Փետրվար 25,2011 00:00

Կոալիցիոն նոր հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միաբերան ասացին, որ «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», իսկ ահա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նման միասնականություն չկա: ՕԵԿ-ը պասիվ է, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մրցակցում են:

Սյունիքի մարզի 6 գյուղերում մարտի 20-ին ՏԻՄ հերթական ընտրություններ են, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց փետրվարի 23-ին եւ պարզ է, որ Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղում գյուղապետի աթոռին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Հովհաննիսյանը եւ այս պահին ոչ մի տեղ չաշխատող, ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը:

Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ, Որոտան եւ Սիսիանի Լոր գյուղերում «հայկական» ընտրություն է. առաջադրվել են միայն գործող գյուղապետերը, համապատասխանաբար՝ Հակոբ Արշակյանը, Սուրիկ Օհանջանյանը, Դավիթ Առուստամյանը: Երեքն էլ հանրապետական են:

Սյունիքի Նոր Աստղաբերդ, Շուռնուխ եւ Որոտան գյուղերում մարտի 20-ին նաեւ ավագանի կընտրեն: Նոր Աստղաբերդի ավագանու համար առաջադրվել է հինգ թեկնածու՝ բոլորն էլ անկուսակցական են, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ: Շուռնուխի ավագանու համար առաջադրվել է 4 թեկնածու, որոնցից 3-ը անկուսակցական է, 1-ը՝ ՀՀԿ անդամ: Որոտան համայնքի ավագանու համար առաջադրված 8 թեկնածուներից 2-ը ՀՀԿ անդամ են, 1-ը՝ ԲՀԿ անդամ, իսկ 5-ը՝ անկուսակցական: Շուռնուխի եւ Որոտանի ավագանի առաջադրվածների մեջ կին թեկնածուներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել