Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԵ՞Ն ԸՆՏԱՆԻՔ-ԸՆՏԱՆԻՔ ԿԱՊԵՐ

Փետրվար 25,2011 00:00

Հարցի պատասխանը հայտնի կլինի սեպտեմբերին՝ հայ համայնքների ղեկավարների համաժողովից հետո

\"\"
Քարակերտցի այս երեխաների ապագայով մտահոգ սփյուռքահայ արդեն կա:

2010 թվականի նոյեմբերի 25-ին եւ 26-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ շվեյցարահայ հայտնի բժիշկ, Լոզանում մեծ հեղինակություն վայելող Հարություն Միքայելյանը օգնել է եւ այսուհետեւ օգնելու է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 10 անչափահաս երեխաներ ունեցող Եղսիկ Հովակիմյան-Արտավազդ Աղաբաբյան ընտանիքին:

Մեզ հետ զրույցում Խոսրով Հարությունյանն ասաց, որ հայաստանցի-սփյուռքահայ՝ նման ուղղակի, անմիջական կապեր ձեւավորելու մասին բազմաթիվ քննարկումներ է ունեցել իր մտերիմների եւ ընկերների հետ թե Հայաստանում, թե սփյուռքում: «Շատ սփյուռքահայեր կարող են օգտակար լինել հայաստանցի կարիքավոր եւ հատկապես բազմազավակ ընտանիքների առօրյա կենցաղային խնդիրների լուծմանը: Գաղտնիք չէ, որ այսօր ունենք ընտանիքներ, որ սեպտեմբերի 1-ին չեն կարողանում լուծել դպրոցահասակ երեխաների հարցերը: Մեր ընկալումներն ու տրամադրվածությունը վաղուց կար, նախքան Քարակերտի ընտանիքին օգնելը: Քարակերտի այս ընտանիքի մասին տեղեկացա հեռուստաեթերից ու առաջին արձագանքը մարդկային խորը կարեկցանքն էր… ես էլ թոռներ ունեմ ու երեւի տարիքի հետ կապված զգայուն եմ դարձել: Ինչպե՞ս կարող է տասը երեխայով ընտանիքը, երկու նորածին երեխաները ապրեն գոմում՝ հողի ու բետոնի վրա»,- պատմեց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, արձանագրված վիճակում արդեն էական չէր, թե ընտանիքը ինչպես է հայտնվել այդ դրության մեջ, խնդիրը ընտանիքին օգնելն էր, առավել եւս, որ հոկտեմբեր էր՝ առջեւում ձմեռն էր:

Մեր զրուցակիցն ասաց, որ շվեյցարահայ Հարություն Միքայելյանը միանգամից պատրաստակամություն է հայտնել օգնել կարիքավոր ընտանիքին եւ խոստացել, որ կնոջ հետ կգա Հայաստան՝ Քարակերտ: «Բայց սպասել չէինք կարող: Նախքան բարերարի ժամանումը լուծեցինք գազամատակարարման հարցը: Շնորհակալություն «ՀայՌուսգազարդ» ընկերության Արմավիրի մասնաճյուղի տնօրենին, ով հաշված օրերի ընթացքում լուծեց գազիֆիկացման հարցը եւ գազի վառարան տրամադրեց: Երեխաները այլեւս փրկված էին ցրտից: Հետո «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը մեր խնդրանքով լուծեց կացարանի էլեկտրական լարերի հարցը, ուժեղացվեց լուսավորությունը, տեղի շինարարական կազմակերպություններից մեկը տանիք կառուցեց, որը չի կաթում: Ջուր չունեին, հիմա ջուրը հասել է նրանց բակ, գարնանը տանն էլ ջուր կունենան: Գնեցինք երկհարկանի մահճակալներ եւ հիմա երեխաները էլ գետնին չեն քնում: Երեխաներից երկուսը թոքաբորբով հիվանդ էին, բուժել ենք: Մեզ խոստացել են, որ գարնանը կացարանը կնորոգվի, նոր դուռ ու լուսամուտ կունենա: Ամանորին էլ երեխաներին ուղարկեցինք տոնածառ՝ լույսերով եւ նվերներով»,- պատմում է Խոսրով Հարությունյանը: Շվեյցարահայ Միքայելյան ընտանիքը դրամական օգնություն է ցուցաբերել, խոստացել է գարնանը նորից գալ եւ այսուհետեւ մշտական կապի մեջ լինել, օգնել տուն կառուցելու հարցում: Հենց այս ընտանիքի օրինակից ելնելով էլ, ըստ ՀՀ նախկին վարչապետի, եւս մեկ անգամ համոզվել են, որ ուղղակի կապերը շատ կարեւոր են. «Հայաստան-Սփյուռք կապերը ռազմավարական նշանակություն ունեն երկու կողմի համար էլ, եւ ինչքան այդ հարաբերությունները լինեն բազում թելերով, հայ մնալու համար շատ ավելի նպաստավոր պայմաններ կլինեն»: Խոսրով Հարությունյանը նկատեց, որ այսօր սփյուռքի հետ կապերը հիմնականում խոշոր տնտեսական համագործակցություններ են՝ «Հայաստան» հիմնադրամի հանգանակություններ եւ այլն: Մինչդեռ ընտանիք-ընտանիք կապերը այլ որակ են. Հայաստանում կան բազում ընտանիքներ, որոնց համար ամսական 150-200 դոլարը որակական փոփոխություններ կբերի, սփյուռքում էլ կան բազում ընտանիքներ, որոնց համար ամսական 150-200 դոլարը մեծ ծանրություն չէր լինի: Այս շփումները հարազատական, ջերմ կապեր հաստատելու հնարավորություն կդառնան: Ժամանակի ընթացքում կարող են լինել այցեր, ամուսնություններ, իրական բարեկամության ձեւավորում: «Փոքր առվակները կձեւավորեին Հայաստան-Սփյուռք խոշոր կամուրջ, որը կլրացներ արդեն եղած կապերին: Մենք առաջարկեցինք սփյուռքի նախարարությանը՝ այս գաղափարը վերածել հայեցակարգի: Կարելի է սոցիոլոգների մի խմբի միջոցով ստանալ սահմանամերձ գյուղերի նկարագիրը, ամեն կարիքավոր ընտանիքի համար առանձին գրքույկ կազմել ու տրամադրել մեր դեսպանատներին, որ աշխատեն համայնքների հետ: Սփյուռքի նախարարությունն էլ պիտի ասեր, որ սա Հայաստան-Սփյուռք կապերի լուրջ խողովակ է: Մեր նպատակը տնտեսական չէ, թեեւ արդյունքը կլիներ եւ տնտեսական, եւ քաղաքական: Մեր նպատակը քաղաքական է. այս նախաձեռնության քաղաքական բաղկացուցիչը անհամեմատ կարեւոր է: Ես կարծում եմ՝ այս նախաձեռնությունը ապագա ունի, սա հեռվին միտված գաղափար է: Մենք նամակով դիմել ենք նախարարությանը եւ առաջարկել աջակցել մեր կապերով ու գիտելիքներով: Հուսով եմ՝ նախարարությունը ըստ արժանվույն կգնահատի այն»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի առաջարկը լավն է եւ իր խնդրանքով ՀՀ մարզպետներն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կճշտեն քարակերտցի ընտանիքի նման ծանր պայմաններում ապրող ընտանիքների ցանկը, սփյուռքի նախարարությունը կփորձի բարերարներ գտնել: «Ծրագիրը ընդհանուր առմամբ հավանության ենք արժանացրել: Այս սեպտեմբերին հայ համայնքների ղեկավարների համաժողով ենք անելու, նրանց կներկայացնենք այսպիսի ընտանիքների ցուցակը, որովհետեւ իրենք պետք է գտնեն բարերարներին: Ծրագիրը լավն է: Սեպտեմբերի համաժողովին քննարկելու ենք կազմակերպչական խնդիրներ՝ ինչպես ավելի մոտեցնենք, մեր գործունեության որ մասն է հայ համայնքներում ընկալելի, որը՝ ոչ, որը փոխենք, որը՝ ուղղենք»,- տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28