Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱ Ո՞ՆՑ ՉՆԱԽԱՆՁԵՆՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Փետրվար 25,2011 00:00

Ի տարբերություն վրացի ճանապարհային ոստիկանների, մերոնք  վարորդներին դիտարկում են ընդամենը «ակտ գրելու» հարմար առիթ: \"\"

Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեսախցիկներ տեղադրելը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ արված բավականին ողջունելի գործընթաց է: Սակայն միշտ չէ, որ տեսախցիկները կարող են ամեն ինչ ֆիքսել եւ կոռուպցիայի տեղիք չտալ: Օրինակ՝ երբ ղեկին վարորդի առողջական վիճակը կտրուկ վատանում է եւ նա ստիպված խախտում է կատարում, տեսախցիկը միայն խախտումն է արձանագրում, իսկ ճանապարհային ոստիկանը չի էլ փորձում վատառողջ վարորդին լսել եւ հավատալ՝ խախտում ես արել՝ վերջ, ակտ եմ գրում: Օրերս «Առավոտին» էր դիմել Կարեն Հեքիմյանը: Նա Նալբանդյան փողոցում իրեն վատ է զգացել եւ խախտումով մտել Թումանյան փողոց, որպեսզի կանգ առնի եւ մոտակա դեղատուն մտնի՝ «վալիդոլ» գնելու համար: Մեքենայից դուրս գալուց, մի քանի քայլ գցելուց հետո, ճանապարհային ոստիկաններն էլ իջել են իրենց մեքենայից եւ հետեւել Կարեն Հեքիմյանին: Մոտենալով նրան, ոստիկանները սկսել են միանգամից վարորդին վերաբերվել ասես հանցագործի: Կ. Հեքիմյանի 15 րոպեանոց բոլոր խնդրանքներին եւ հավաստիացումներին, որ սիրտը վատ է՝ թույլ տան նրան մոտակա դեղատնից «վալիդոլ» գնի, ապարդյուն էին: Կ. Հեքիմյանի՝ իրեն ջուր տալու խնդրանքներն էլ էին արհամարհում ճանապարհային ոստիկանները: Կարենի պատմելով՝ մոտ 15 րոպե ոստիկաններին համոզել է օգնել իրեն, իսկ նրանք միայն ակտի մասին էին խոսում: Ի վերջո, ոստիկաններից մեկը, տեսնելով, որ վարորդը գունատվել է եւ ձեռքերը դողում են, ջուր է բերել ու թույլ տվել մտնել դեղատուն: Կարենը մի քանի րոպե նստելով դեղատանը, դեղ խմելուց հետո «ուշքի» է եկել ու գնացել ոստիկանների մոտ:

Մեզ հետ զրույցում Կարեն Հեքիմյանը չի հերքում, որ ինքը ճանապարհային երթեւեկության կանոն է խախտել, բայց, նրա խոսքերով ասած՝ կա նաեւ անմեղության վարկած. «Հասկանալի է, որ ամեն խախտում թույլ տված վարորդը կարող է պատճառաբանել, որ վատ է զգացել, որպեսզի ակտից խուսափի: Բայց չէ՞ որ կան վարորդի ասածները ստուգելու մեթոդներ: Այդ ճանապարհային ոստիկանները նույնիսկ չառաջարկեցին շտապօգնություն կանչել: Հո չի՞ կարելի բոլոր վարորդներին պոտենցիալ հանցագործ դիտարկել»:

Ստացվում է, ոստիկաններին ապացուցելու համար, որ իսկապես վատառողջ է, ավելի լավ կլինի վարորդը հենց ղեկին կաթվածահար լինի: Այս դեպքում էլ ոչ ակտ կգրեն, ոչ էլ ավելորդ քաշքշուկների մեջ կընկնի քաղաքացին:

Կարեն Հեքիմյանը, չհամաձայնելով ոստիկանների կազմած «10 հազարանոց ակտի» հետ, գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: Կ. Հեքիմյանը հղում է անում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 19-րդ հոդվածին, ըստ որի՝ վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում. «Այսինքն, խոսքը հոգեկան հիվանդների մասին է: Բայց այդ նույն հոդվածում ասվում է՝ կամ այլ հիվանդագին վիճակի հետեւանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները: Ես այդ պահին ինձ հաշիվ չէի տալիս, որ խախտում եմ անում: Ես դա չհասկանալով եմ արել: Սա արդեն անմեղսունակության կանխավարկածն է»:

Նախօրեին ճանապարհային ոստիկանությունում հենց այս խնդիրն էր քննարկվում: Ոստիկանության աշխատակիցներից մեկը Կ. Հեքիմյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վատ զգալու դեպքում չի միացրել վթարային ազդանշանը եւ հարկադիր կանգառ կատարել: Պարոն Հեքիմյանն էլ պատասխանեց. «Ես այդ պահին նույնիսկ մոռացել էի ճանապարհային երթեւեկության այն կանոնը, որ իրավունք ունեի կանգառել: Ուղղակի այնքան վատ էի, որ շտապ դեղատուն էի փնտրում»: Հետո ոստիկանները հետաքրքրվեցին, թե երբեւէ Կ. Հեքիմյանը բժշկական զննում անցե՞լ է, եւ կա՞ որեւէ եզրակացություն, ինչին ի պատասխան նա վստահեցրեց, որ մի քանի տարի առաջ խորը նեւրոզ է ունեցել: Հարցուպատասխաններից հետո, ոստիկանները հավաստիացրին, որ պետք է լսեն նաեւ ճանապարհային այն ոստիկաններին, որոնք ակտ են կազմել, իսկ վերջնական վճիռը մոտ օրերս կհրապարակեն: «Առավոտի» հետ զրույցում ոստիկաններից մեկն այսպես արդարացրեց իր գործընկերներին. «Ցանկացած խախտում կատարած վարորդ կարող է արդարանալ՝ իբր վատ է զգացել: Մենք մեխանիզմ չունենք տվյալ պահին ստուգելու վատառողջության իսկությունը: Տեսախցիկը ֆիքսում է խախտումը: Եթե ոստիկանը վստահի վարորդին ու ակտ չկազմի, դա եւս կոռուպցիայի տեղիք է տալիս: Ցանկացած ճանապարհային ոստիկան կարող է գումար վերցնել ու բաց թողնել, հետո զեկուցել, որ վարորդը իրեն վատ է զգացել, ինչի պատճառով էլ խախտում է կատարել»:

«Առավոտի» հետ զրույցում Կ. Հեքիմյանը համեմատություն արեց Հայաստանի եւ Վրաստանի ճանապարհային ոստիկանների միջեւ. «Թբիլիսիում արգելված վայրում կանգառ արեցի իմ մեքենայով: Ճանապարհային ոստիկանները մեր մեքենայի ետեւում կանգնեցին ու սպասեցին, թե երբ կշարժվենք: Հետո մոտեցան ու հարցրեցին՝ վա՞տ եք զգում: Ջուր բերե՞նք: Այսինքն, այդ մարդիկ քեզ իբրեւ հանցագործի չեն մոտենում ու անմիջապես չեն մտածում ակտի մասին, այլ՝ մարդկային վերաբերմունք են ցույց տալիս: Երբ ես բացատրեցի, որ ուղղակի կանգնել եմ, որպեսզի կողմնորոշվեմ՝ որտեղ գնալ ճաշելու, հետո էլ գիշերելու, ի զարմանս ինձ՝ այդ ոստիկանն ինձ տվեց Թբիլիսիի բոլոր ռեստորանների եւ հյուրանոցների վերաբերյալ տեղեկատվական բուկլետ: Հետո էլ մեր վարչապետն ասում է՝ մի՛ նախանձեք վրացիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել