Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«BlackBarry»-ՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՍԵԼ

Փետրվար 25,2011 00:00

Մի քանի ամիս առաջ «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ներկրեց եւ վաճառքի հանեց «BlackBarry» հեռախոսները: Այս հեռախոսներով մատուցվող ծառայությունը հնարավորություն է ընձեռում՝ նույնիսկ լինելով շարժման մեջ, հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից եւ բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: Սակայն, ի տարբերություն մեր երկրում կիրառվող այլ հեռախոսների, «BlackBarry»-ները այնքան էլ իրավապահ մարմինների սրտով չեն: Որոշ մասնագետների մեկնաբանմամբ, այս հեռախոսները չեն ենթարկվում լսումների, այդ հեռախոսներից ուղարկված sms-ների բովանդակությունն էլ հնարավոր չէ վերծանել: Նկատենք, որ այսօր ինչ-որ բան բացահայտելու համար ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցների համար անձի հեռախոսը ամենահեշտ միջոցն է՝ տեղեկատվություն կորզելու: Եվ շատ հաճախ այդ լսումները կատարվում են «օպերատիվ աշխատանքների» անվան տակ, առանց դատարանի համապատասխան որոշման:

Մեր տեղեկություններով, նույնիսկ ԱԱԾ-ն «BlackBarry» հեռախոսների հետ կապված «Օրանժ Արմենիային» հորդորել է դրանք չվաճառել եւ հանել շրջանառությունից՝ պատճառաբանելով հենց այդ հանգամանքը: Սակայն երեկվա դրությամբ ընկերությանը պատկանող վաճառակետերում նշյալ հեռախոսները ազատ վաճառվում էին եւ, ինչպես «Առավոտի» հարցին ի պատասխան հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից, իրենք մտադիր չեն այդ հեռախոսների վաճառքը դադարեցնել, սակայն չհաստատեցին մեր այն տեղեկությունը, որ ԱԱԾ-ն դեմ է արտահայտվել դրանց կիրառության համար:

Նշենք, որ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում այդ հեռախոսների կիրառությունն ընդհանրապես արգելված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել