Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԷԻՆ ՏԱՆՈՒՄ

Փետրվար 25,2011 00:00

Վերջին ամիսներին հղի կանանց մտահոգության առարկան դարձած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ նպաստի առավելագույն չափ էր սահմանվել ամսական 150 հազար դրամը, երեկ ՀՀ կառավարությունում կրկին քննարկման առարկա է դարձել: Նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունը վնասելու էր հատկապես բարձր աշխատավարձ ստացող կանանց: Այսուհետեւ հղիության եւ ծննդաբերության նպաստները կհաշվարկվեն նոր կարգով: Կառավարությունը երեկվա նիստում որոշեց հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ առաջարկվող փոփոխություններով, վերջին 12 ամսվա ընթացքում աշխատանքային հարաբերություններում գտնված անձինք կորցրած եկամուտի դիմաց կփոխհատուցվեն 100%-ով. «Նպաստը այսուհետեւ վճարվելու է նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի տոնական, ոչ աշխատանքային օրերի համար՝ պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան՝ շաբաթ եւ կիրակի օրերի համար»:

Մինչ այս օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ ուղարկելը, վարչապետի վստահեցմամբ, մեկ անգամ եւս կքննարկեն շահագրգիռ կազմակերպությունների հետ. «Խոսքը այն մասին է, որ Հայաստանում լուրջ խախտումներ էին արձանագրվել, երբ հղի կինը 1-2 օրով աշխատանքի էր ընդունվում, նրան նշանակվում էր մի քանի միլիոն դրամի հասնող աշխատավարձ, ապա անցնում էր արձակուրդային ռեժիմի: Իսկ պետությունը պարտավոր էր տալ այնքան աշխատավարձ, ինչքան վերջին ամսվա ընթացքում նշանակել էր գործատուն: Հասկանալի էր, որ այս մախինացիան կատարվում էր այն նպատակով, որ մտնեն պետության գրպանն ու գումարներ տանեն: Մենք էլ ասում ենք, եթե հանրապետությունում միջին աշխատավարձը 100 000 դրամ է, մենք պատրաստ ենք 150 000 դրամ վճարել, բայց ոչ ավելին, որ այդպիսի խաբեություններ չլինեն: Այս հիվանդության դեմն առանք, եւ այդպիսի չարաշահումները, ըստ էության, դադարեցին: Միաժամանակ այսպիսի կոպիտ լուծումն առաջացնում էր արդարացի դժգոհություն այն մարդկանց կողմից, որոնք տարիներ շարունակ օրինական աշխատել են ու բարձր աշխատավարձ ստացել: Օրենսդրական այս նախաձեռնությամբ հարցը լուծում ենք: Միաժամանակ այս օրենքին հետադարձ ուժ ենք տալիս»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու, նշանակելու եւ վճարելու կարգը: Ինչպես նաեւ կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձն ու ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել