Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»

Փետրվար 25,2011 00:00

Արտոնյալ վարկերի լուրը չի գոհացրել վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին

\"\"Մի քանի շաբաթյա լռությունից հետո կառավարությունը արձագանքեց վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների մտահոգություններին: Հիշեցնենք, որ մաքսային օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն, Հայաստանում սահմանափակվել են վրացական պետհամարանիշներով մեքենա շահագործելու հնարավորությունները: Այսուհետեւ «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ, այն էլ՝ 15-օրյա ժամկետով, մեքենա ներմուծել: Որ վարորդների բողոքի ալիքը նոր թափ չառնի, կառավարությունը երեկվա նիստում որոշեց արտոնյալ վարկեր տրամադրել վրացական պետհամարանիշներով մեքենաների՝ սոցիալապես անապահով վարորդներին, որ առանց դժվարության մաքսազերծեն իրենց մեքենաները: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ, վարկերը տրամադրվելու են 6 ամիս ժամկետով, ու այն վարորդներին, որոնց ավտոմեքենաների արտադրության տարեթիվը չի անցնի 2005 թվականը, մաքսային արժեքն էլ՝ 5 միլիոն դրամը: Անտոկոս վարկերը մարզի բնակիչները կստանան մարզպետարաններից, երեւանցիներն էլ՝ ֆինանսների նախարարությունից: Նախարարության հաշվարկներով, հանրապետությունում վրացական պետհամարանիշներով 4000 ավտոմեքենա կա, բայց միայն 2000 մեքենայի վարորդներն են սոցիալապես անապահով, ովքեր էլ կօգտվեն սահմանված արտոնություններից: Վարչապետ Տիգրան Սարգսյանին ուրախացրել է այն, որ արդեն 438 մարդ մաքսազերծել է վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաները: «Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ի վիճակի են կատարելու իրենց պարտավորությունները»,- նշեց վարչապետը: Ի տարբերություն վարչապետի, դժգոհ են վարորդները:

Նոր որոշման մասին արդեն տեղեկացել են, կառավարության «նվերից» էլ ոչ թե ուրախացել, այլ բարկացել են:

«Այսօր մարդիկ աշխատանք չունեն, աշխատավարձ… չգիտեն՝ ինչ է, որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով են 6 ամսվա գումար հավաքելու ու վերադարձնելու կառավարությանը: Վարորդների մեծամասնությունը վարկերով է մեքենա ներմուծում, կառավարությունն էլ մարդկանց նոր վարկերի, պարտքերի տակ է գցում: Սա աջակցելու ձեւ չէ, ավելի են մեր վիճակը բարդացնում: Այսօր կառավարությունը մարդկանց խաբելով ման է գալիս: Այս որոշումն էլ ձեւական ընդունեցին, վարորդներին լռեցնելու քայլ է: Այն իրականում էլի կառավարության օգտին է, վարորդին ոչ մի բան չի տա: Չեմ հասկանում, էս ինչ նորություն է, էս ինչ թազա խաղեր են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Շիրակի բնակիչ Ռուբեն Մինասյանը: Լոռու մարզի բնակիչ Արարատ Ծատուրյանի խոսքով էլ. «Օրենքը լղոզեցին, անուն հանեցին՝ հանուն ժողովրդի լավ քայլի են դիմում: Լավ քայլը կլիներ այն, որ մաքսազերծման գներն իջեցնեին: Կառավարությունն իր օգտին է որոշում անում, իրենց առաջարկած վարկերն էլ տոկոսով ժողովրդի վրա կնաղդեն: Հանրապետության բնակիչների 80%-ը դժգոհ է, ու Էդիկ Շարմազանովը, որ ամպագոռգոռ խոսում է, թե իբր Հայաստանում սոցիալական բունտ չի լինի, սրանից էլ ի՞նչ բունտ: Ժողովուրդը ոտքի է կանգնելու շատ շուտով»: Պարոն Ծատուրյանը համոզված է, որ կառավարության այս որոշումը նաեւ կոռուպցիոն ռիսկերն է մեծացնելու. «Ասում են, թե մարզպետարանները կորոշեն սոցիալապես անապահովներին, այսինքն՝ մարզպետները, իրենց տաքուկ անկյունում նստած, իմ ու քո կանեն, ով իրենց գրպանին նայի, նրանց էլ վարկ կտան»:

Շիրակի վարորդներից Սեյրանն էլ զարմանում է, թե այդ ո՞ր բանկը վարկ կտրամադրի այն քաղաքացուն, ով արդեն շատ վարկեր ունի իր ուսերին. «Այդ վարկի դիմաց վարորդն ի՞նչ գրավ պետք է դնի՝ անձնական մեքենա՞ն, որը Վրաստանի գույք է: Ժամանակ են շահում, որ վարորդները հանդարտվեն ու փողոց դուրս չգան: Ու կառավարությունը հաղթեց, վարորդների ակտիվությունը նստեց, հասկացանք, որ էս պետության դեմ խաղ չկա, եթե մի բան որոշեցին, էլ բեկում-ներում չկա»: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ կառավարության այս որոշումը խնդիրը լուծելու ոչ ամբողջական քայլ էր. «Առաջարկվող պարտքը որքան էլ անտոկոս, բայց փակել է պետք: Շատ հարցեր կան, օրինակ՝ մեր քաղաքացիներն էլի նույն թանկ գներով են մեքենաները մաքսազերծելո՞ւ, թե՞ մի փոքր նվազ կլինի: Վարորդները պետք է չհանձնվեն ու իրենց պահանջները ձեւակերպեն: Մենք էլ, ըստ այդմ, նրանց շահերը կպաշտպանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28