Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկական երկաթուղին կնորոգե՞ն

Փետրվար 25,2011 00:00

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինը երեկ համաձայնագիր են ստորագրել 2011–2015թթ. սոցիալ եւ տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է քաղաքամերձ եւ քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի եւ մետրոյի, քաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բազայի հիման վրա կազմակերպել Երեւանի մետրոպոլիտենի եւ քաղաքային էլեկտրատրանսպորտի շարժակազմի վերականգնման եւ վերականգնողական աշխատանքները։ Բացի այդ, նախատեսվում է 25%-ից մինչեւ 50% զեղչեր սահմանել երկրի ներսում գնացքով երթեւեկող ուսանողների համար: Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեխնիկա–տնտեսական հաշվարկներ կներկայացնի «Մանկական երկաթուղու» ընդլայնման (նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։ Համագործակցության շրջանակում կողմերը կուսումնասիրեն «Ալմաստ» գործարանի շրջակայքում Երեւան-Հրազդան-Երեւան ուղղությամբ երթեւեկող էլեկտրագնացքի համար ուղեւորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։

Երեւանի քաղաքապետարանի հետ կդիտարկվի նաեւ առողջապահական ոլորտում համայնքային բուժհաստատություններից մեկի հիման վրա համատեղ բժշկական հաստատության ստեղծման հնարավորությունը՝ հետագայում այն ժամանակակից բուժարանի վերափոխելու նպատակով, որը բժշկական ծառայություն կմատուցի ինչպես մայրաքաղաքի բնակչությանը, այնպես էլ ընկերության աշխատակիցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել