Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փետրվար 25,2011 00:00

Վարչապետը դժգոհ է տեխզննման կարգից

Ֆերմերային տնտեսություններն առաջիկայում կազատվեն ամեն տարի գյուղտեխնիկան տեխզննման ենթարկելու պարտադիր պայմանից: Կառավարությունը հասկացել է, որ իրականում գյուղտեխնիկայի պարտադիր տեխզննումը ֆիկտիվ բնույթ է կրում, եւ տեխնիկապես դրա իրականացումն անհնարին է. «Իզուր տեղը մարդկանց դնում ենք ծանր վիճակի մեջ, ապահովում ծախսատար գործառույթներ, իսկ արդյունքում բյուջեն ստանում է ընդամենը 17 միլիոն դրամ»,- երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ուժը կորցրած ճանաչելով գյուղատնտեսական տեխնիկայի տեխզննման կարգը: Առիթն օգտագործելով, պարոն Սարգսյանը դիմեց տրանսպորտի եւ կապի նախարարին՝ հորդորելով լրջորեն ուսումնասիրել մեքենաների տեխզննման կարգը. «Մենք շարունակում ենք քաղաքացիներից դժգոհություններ ստանալ: Նրանք պնդում են, որ գումարները վերցնում, բայց իրական տեխզննում չեն կատարում: Պետք է հնարավորինս պարզեցնենք այդ գործառույթը, ուսումնասիրենք եվրոպական փորձը: Եվ հասկանանք, ի՞նչն է պատճառը, դրամաշորթության ռիսկերի դեմն ինչպե՞ս պետք է առնենք»:

Ցորեն, գարի, հիմա էլ՝ եգիպտացորեն….

Կառավարությունը ոչ միայն ցորենի, գարու, այլեւ եգիպտացորենի արտադրությունն է որոշել խթանել: Հենց այս նպատակով 538 միլիոն 295 հազար դրամ հատկացրեց գյուղնախարարությանը:

«Ներկրում ենք գարու որակյալ սերմացու, ինչը Հայաստանում չկա: Սա բերելու է արտադրողականության աճ: Ցանքերն այնպես ենք կազմել, որ հանրապետությունում մշակվող հողատարածքների ծավալն ավելանա: Այսպիսով, մի կողմից գյուղատնտեսության զարգացմանն ենք խթանում, մյուս կողմից էլ սոցիալական խնդիր ենք լուծում: Մենք պատրաստ ենք ավելացնել ներմուծվող գարու սերմացուի ծավալը, եթե տեսնենք, որ սոցիալական բեռը արմատական չենք կոտրում: Վերջին տվյալներով, 18 000 տնտեսվարող օգտվելու է այս ծրագրից»,- նշեց վարչապետը: Եգիպտացորենի արտադրությունը խթանելու ծրագրին էլ անդրադառնալով, գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց. նախատեսում են արտասահմանից 63 տոննա եգիպտացորենի սերմացու ներկրել ու կրկին անվճար տրամադրել հիմնականում Տավուշի, Լոռու, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի հողօգտագործողներին:

Կեր-խմի, քեֆ արա շարունակ

Կանանց տոնին պատրաստվելու համար տղամարդիկ այս տարի շատ ժամանակ կունենան: Պարզվում է՝ ոչ միայն Մարտի 8-ն է տոնական, այլեւ դրան նախորդող օրը: Կառավարությունը մարտի 7-ը եւս ոչ աշխատանքային է հայտարարել, փոխարենը աշխատանքային օր է ճանաչել մարտի 12-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել