Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը տարածել է հաղորդագրություն՝ կապված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Ռ. Մնացականյանի՝ փետրվարի 22-ին հացադուլ հայտարարելու հետ: «Հացադուլի դիմումն ընդունվել է եւ տրվել է համապատասխան ընթացք, որի համաձայն՝ դատապարտյալը գտնվում է բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո, առողջական վիճակը լավ է: Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե իբր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ռ. Մնացականյանին ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ «Վանաձոր» են տեղափոխել՝ հիմք ընդունելով նրա դիմումը «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, ապա դա չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի խոսնակի, դատապարտյալ Ռ. Մնացականյանը ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել այն պատճառով, որ նախկինում ենթարկվել է թվով 7 կարգապահական տույժի. «Հավելենք, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկությունը, թե իբր դատապարտյալը խնդրել է իրեն տեղափոխել ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում դատապարտյալից նման խնդրանքով որեւէ դիմում չի ստացվել: Բացի դրանից, ներկայումս անհնար է դատապարտյալին ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ տեղափոխել, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկը նախատեսված չէ պատժի կրման փակ տեսակի համար»: