Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաստատում են

Փետրվար 25,2011 00:00

Երեկ Գյումրիի վրացական համարանիշներով վարորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը՝ հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ գցելով: Անտոկոս վարկի տրամադրումը նույնն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը՝ պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել, վարկ ստանալ եւ մեքենաները՝ վարկի դիմաց գրավ առնելով՝ դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցեեւ՝ արտասահման ուղեւորվելու հնարավորություն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել: (Հայտնի է, որ գրավադրված ավտոմեքենաների մեծ մասի դեպքում նրանց տեղաշարժը ՀՀ սահմաններից դուրս սահմանափակվում է): Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի՝ անտոկոս վարկը հարցի լուծում չէ:

Կառավարության ու ՀՀ Ազգային ժողովի վերաբերմունքը եւ ուշադրությունը մեր շարունակական զանգվածային բողոքներին եւ խնդրին գնահատում ենք անբավարար: Նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էության բացառեցին որեւէ երկխոսություն, հրաժարվեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որեւէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջների ուղղությամբ: Մասնավորաբար. ԱԺ փոխխոսնակ Ս. Բալասանյանը կտրուկ հրաժարվեց իր օրենսդրական նախաձեռնությունից, որով նախատեսվում էր մինչեւ 2013 թվի վերջը վարորդներին մեքենաները մաքսազերծելու ժամանակ տալ: ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանը քննարկում էր նախաձեռնել փետրվարի 25-ին՝ ԲՀԿ պատգամավորների, ՊԵԿ ներկայացուցիչների եւ վարորդների մասնակցությամբ, այնինչ այսօր տեղեկացրեց, որ քննարկումը տեղի չի ունենա: ԱԺ պատգամավորները ըստ էության չարձագանքեցին «Ժառանգության» պատգամավորների՝ այս հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին: Արդյունքում, Հայաստանում Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների համար փաստացի պահպանվեց մաքսազերծման այն ռեժիմը, ինչ մտցրել են 2011 թվի փետրվարի 5-ից, եւ մաքսազերծման այն անհասկանալի գնային համակարգը, ինչ գործում է արդեն մի քանի տարի:

Մենք վերահաստատում ենք մեր՝ փետրվարի 18-ի հայտարարության մեջ նշված միտքը, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած՝ խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչեւ փետրվարի 28-ը՝ ներառյալ: Այսպիսով, եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորած ծայրահեղ գործողություններին՝ այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը եւ իշխանություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել