«Ես չեմ ճանաչում Կարեն Անդրեասյան անուն-ազգանունով մի մարդու, որը որեւէ գործունեություն ծավալած լինի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նաեւ իր կարծիքն է հայտնել, թե Կարեն Անդրեասյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու դեպքում իշխանության հերթական պաշտոնյան է լինելու եւ կատարելու է իշխանության պատվերները։
Անդրադառնալով կոալիցիայի հայտարարության հետագա ազդեցությանը՝ նա նշել է, թե այս փաստաթուղթը նոր իրավիճակ է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար. «Ընդդիմադիրները պետք է միասնական ուժով գործեն, պետք է համատեղ գործողությունների պլան մշակել, դրանք շատ հրատապ են»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ որեւէ մեկը չի կարող միայնակ հասնել հաղթանակի, ուստի «համագործակցությանն այլընտրանք գոյություն չունի: Եթե սոցիալական ընդվզում լինի առանց ընդդիմության՝ ընդդիմությունը կհայտնվի լուսանցքում»,- ասել է նա՝ հավելելով, թե ցանկացած շարժում շատ արագ կգտնի իր ղեկավարներին:
Մատնանշելով շարունակական գնաճը, արտագաղթը եւ սոցիալական խնդիրները՝ «Ժառանգության» պատգամավորը նշել է. «Այսօր ակնհայտ է, որ համագործակցության դաշտը՝ գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակով, արդեն կա, այնպես որ մնում է, որ անձնական ամբիցիաները դրվեն մի կողմ եւ փորձ արվի կանխել այն բարդ իրավիճակի խորացումը, որ առկա է»: Panorama.am-ի թղթակցի հարցին՝ արդեն կա՞ն որոշակի պայմանավորվածություններ ընդդիմադիր դաշտում, թե՞ դեռեւս ուղղակի մտահղացման մասին է խոսքը՝ պրն Մարտիրոսյանը պատասխանել է. «Որեւէ կոնկրետ քայլ դեռ չկա ու չի եղել»: