Թերեւս, իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը: Սակայն ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած՝ Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապիս տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց: Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝ Ջավախքից, ամառային արձակուրդներին պապիս մոտ գնացած տղաս, վատ գիտեի ռուսաց լեզուն, այլ պարզապես կարոտում էի իմ ծննդավայր գյուղն ու իմ ընկերներին: Կարոտում էի նաեւ մեր գյուղի ջրաղացների եռահարկ շարքը, որոնց կուռերի փրփրացող ջրերը ինձ մահ էին խոստանում ու կանչում անվերջ: Անապայում, սակայն, պապիս հրաշալի այգու մեջ ո՛չ առու կար, ո՛չ էլ ջրաղացը պտտող կենդանի ջուր: Կար ընդամենը մի ջրհոր, որից ես ամեն առավոտ, այգին ջրելու համար, դույլով ջուր էի քաշում ու վախենում էի ջրհորի խորքը նայել: Մինչեւ հիմա էլ չգիտեմ, թե ինչու էի վախենում: Գուցե հիմա արդեն գիտեմ, բայց իմացածս թերեւս ընդամենը ենթադրություն է: Ես զարմանում էի, որ ջրհորը ոչ մի կերպ չէր դատարկվում, ինչքան էլ ես ջուր քաշեի: Հիմա, արեւելյան իմաստություններն ուսումնասիրածս, գիտեմ նաեւ, որ ցանկացած դատարկ տեղ անվերջ շարժվող հողը լցնում է իրենով, եւ ցանկացած անիմաց մարդու մտքի դատարկությունը կլցնեն ուրիշները՝ իրենց դիտական կամ շահադիտական նպատակներով, ինչը մենք տեսնում ենք մեր ապրած օրերի հետ, երբ մարդուն, թվացյալ հաց խոստանալով, հանում են կռվի սեփական եղբոր դեմ: Եվ չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե խարիզմա բառը հայերենով բացատրվում է խար-քար, այսինքն թե՝ քարի վրա խարանված, գրված: Այնինչ, իմ չհասած երազանքի Էկզյուպերի գրողն ու օդաչուն ասում էր՝ թերեւս, սիրել իրար չի նշանակում նայել իրար ու պատեհապաշտ խոստումներ տալ, այլ՝ սիրել իրար նշանակում է նայել մեկ ուղղությամբ… Իսկ ուղղությունն այդ ունի օրինակ. մեզանից հեռու զարմանալիորեն չդատարկվող պապիս ջրհորը եւ գետակները մեր, որ պտտեցնում են ինքնության քարը մեր՝ ազգիս տասներկու հազարարամյա ջրաղացների: