Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի բերման են ենթարկել

Փետրվար 25,2011 00:00

Երեկ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների էլի ոստիկանության բաժին են տարել՝ իրազեկող թերթիկներ տարածելիս:

\"\"

Երեկ, ժ. 19:40-ի սահմաններում, Աբովյան փողոցում՝ «Մարկո Պոլո» սրճարանի մոտ, քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող երիտասարդ ակտիվիստների վրա, խոչընդոտել են թռուցիկները տարածելուն, հետո լեզվակռիվ սարքել, իսկ ավելի ուշ, երբ մոտեցել են արդեն համազգեստավոր ոստիկանները, երիտասարդներին քաշքշելով մտցրել են ոստիկանության մեքենան ու բերման ենթարկել Կենտրոնականի բաժին: Բերման ենթարկված 9 երիտասարդների թվում այս անգամ անչափահասներ չեն եղել, բայց եղել է 3 աղջիկ. Սարգիս Գեւորգյան, Արեգ Գեւորգյան, Հովհաննես Քիրամիջյան, Սերգեյ Գասպարյան, Սահակ Մուրադյան, Սարգիս Ղազարյան, Հերմինե Մաթեւոսյան, Տաթեւ Պողպատյան, Մարիամ Մուրադյան, Գուրգեն Ասատրյան: Վերջիններս հրաժարվել են բացատրություններ տալուց եւ ազատ են արձակվել միայն ուշ երեկոյան՝ ժ. 23:00-ի սահմաններում, այն բանից հետո, երբ ոստիկանություն են ժամանել փաստաբաններ Վահե Հովսեփյանը, իսկ ավելի ուշ նաեւ՝ Գիվի Հովհաննիսյանը, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը: Մինչեւ ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակումը՝ ոստիկանության շենքի մոտ հավաքված էին Կոնգրեսի ներկայացուցիչները՝ այդ թվում՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ու այլք: Հաղորդվում էր, որ ոստիկանությունում լույսերն անջատել ու բերման ենթարկվածներին ծեծի են ենթարկել, նույնիսկ շտապօգնություն է եկել բուժօգնություն ցույց տալու համար: Այդ տեղեկությունները, սակայն, երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքեց Ստ. Սաֆարյանը, որը ոստիկանության բաժնում ե՛ւ երիտասարդների հետ էր զրուցել, ե՛ւ ոստիկանապետի հետ էր հանդիպել: Պատգամավորի փոխանցմամբ, երիտասարդներից մեկը, թերեւս, հուզմունքից իրեն վատ էր զգացել, ջերմությունն էր բարձրացել, եւ շտապօգնությունը հրավիրվել էր նրա համար, իսկ ոստիկանության բաժնում, նրա ասելով, երիտասարդների նկատմամբ բռնություն չի կիրառվել:

Ոստիկանները ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու հանգամանքը բացատրել են վերջիններիս՝ հասարակական կարգը խախտելու՝ աղմուկ-աղաղակ անելու, աղբարկղեր թափելու եւ էլի չգիտեմ ինչ վարքագծով: Բայց իրականությունն այն է, որ ոստիկաններին ավելի զայրացրել է այն, որ երիտասարդներին մոտենալու պահին վերջիններս սկսել են վանկարկել «Սերժի՛կ, հեռացիր» եւ «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Հենց այդտեղ է, որ ոստիկանները սկսել են սաստել ու քաշքշել երիտասարդներին, լեզվակռիվ է սկսվել, որին հետո հաջորդել է արդեն հայտնի բերման ենթարկելը:

Ոստիկանության բաժնից ազատ արձակելուց առաջ երիտասարդները՝ բացառապես 6 տղաները, ուղարկվել են նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննություն անցնելու:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե տեղի ունեցածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Արդեն ուշ երեկոյան ՀԱԿ-ը տեղի ունե ցածի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես երեւում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը։ Խնդրում ենք ոստիկանական կամ այլ պետական չինովնիկների նմանօրինակ ապօրինի գործողությունների մասին անմիջապես տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության բաժին՝ 099. 33. 31. 20 եւ 055. 33.31.20 հեռախոսահամարներով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել