ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իրար մեղադրում են ընտրակեղծիքներ անելու մեջ
Անցած շաբաթ ՀՅԴ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ. Դաշնակցությունը ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում է սկսել, որը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասելով, նպատակ ունի հասարակական լայն շերտերին բացատրել, որ ձայներ վաճառելով կամ տանը նստելով ու ընտրություններին չմասնակցելով, ընտրակեղծիքների դեմ չպայքարելով՝ նրանք միայն նպաստում են իշխանությունների վերարտադրությանը: Այդ նպատակով ՀՅԴ-ն ծրագրում է ակտիվ հանդիպումներ ունենալ հասարակության բոլոր շերտերի հետ՝ պատրաստակամություն հայտնելով այդ ոլորտում համագործակցել քաղաքական բոլոր շահագրգիռ ուժերի, այդ թվում՝ նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ: «Մեզ համար՝ այս շարժման համար, կապ չունի, թե ով ում վերջում ձայն պիտի տա: Դա ընտրողը թող իր համար որոշի»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել էր Ա. Ռուստամյանը:
Այս նախաձեռնությանը, սակայն, երեկվա դրությամբ քաղաքական կամ հասարակական որեւէ կազմակերպություն չի արձագանքել: ՀՅԴ-ում ասացին, թե իրենք այդ հարցով կուսակցությունների հետ բանակցություններ դեռ չեն սկսել ու առայժմ հանդիպում են հասարակության ներկայացուցիչների հետ:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը, որը եւս մշտապես հասարակությանը ընտրություններին ակտիվ մասնակցության ու տանը չնստելու կոչեր է արել՝ հատկապես քաղաքապետի ընտրություններից հետո դժգոհելով հասարակական որոշակի խավի կողմից իր քվեն վաճառքի հանելու փաստից, ըստ ամենայնի, ՀՅԴ-ի հետ այդ հարցում համագործակցելու մտադրություն չունի: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը փոխարենը՝ քաղաքական ուժերին, նաեւ ՀՅԴ-ին այլ առաջարկ է արել՝ միանալ մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքին, որովհետեւ «Մարտի 1»-ը իշխանության կողմից ժողովրդի դեմ կատարած հանցագործություն էր, ու այդ օրն առաջին անգամ նորանկախ պատմության մեջ ժողովրդի վրա կրակեցին. «Ուրեմն թող բոլոր կուսակցությունները, որոնք դեմ են նման գործելաոճին, որոնք դատապարտում են «Մարտի 1-ը»՝ որպես հանցագործություն, թող գան մասնակցեն, իրենց համակիրներին էլ կոչ անեն մասնակցելու միտինգին, որ իշխանությունները տեսնեն, որ ամբողջ ազգը դատապարտում է իրենց հանցավոր գործելաոճը»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախաձեռնությանը, ապա՝ ըստ Լ. Զուրաբյանի՝ «պատմությունը ցույց է տվել, որ ՀՅԴ ներկայացուցիչները միշտ կանգնած են եղել ընտրակեղծարարների կողքին, ակտիվորեն մասնակցել են եւ քաղաքական աջակցություն են ցույց տվել կեղծիքներով արձանագրված արդյունքներին, ընդունել են այդ արդյունքները: Բոլորը դա գիտեն: Վերցրեք պրոտոկոլները (ընտրական հանձնաժողովների արձանագրությունները). բոլոր կեղծված պրոտոկոլները ստորագրված են նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների կողմից: Եկեք չհավատանք գեղեցիկ հնչող գաղափարներին, որոնք իրականում դատարկ են»: ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ կարծիք էր հայտնել, թե՝ ՀՅԴ-ն «նման շարժում ստեղծելով, միգուցե, նպատակ ունի արդարացնելու իր կատարած հանցակցությունները»:
Սա, թերեւս, այն հայտարարությունն էր, որը Լ. Զուրաբյանը չպետք է աներ, որովհետեւ ՀՅԴ-ի կողմից հակադարձումը չափազանց հզոր ու արդարացի է եղել: Այսպես, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ի պատասխան՝ Զուրաբյանին ասել է, թե ՀԱԿ-ը նման հայտարարություն անելու իրավունք չունի, ու երեսովն է տվել այն փաստը, որ Կոնգրեսի ներկայացուցիչների մեծ մասը 1990-98թթ.-երին իշխող կուսակցություն հանդիսացած ՀՀՇ-ից են, եւ նրանք են եղել մեր երկրում ընտրակեղծիքների հիմնադիրը: «Ընտրությունները առաջին անգամ սկսեցին համակարգված եւ կառավարվող ձեւով կեղծվել հենց իրենց իշխանության ժամանակ: Եվ հիմա իրենք իրենց իսկ արածից են դժգոհում: Իշխանության վերարտադրման համակարգը, հիմք դրվելով հենց իրենց իշխանության ժամանակ, հիմա շատ մեծ արմատներ է գցել, եւ դրա դեմն առնելու համար անհրաժեշտ է ստեղծել պայքարի միասնական ճակատ»,- հայտարարել է Ռուստամյանը՝ չմոռանալով հիշեցնել, որ ՀՅԴ-ն ընտրություններից հետո հայտարարել է տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին, եւ եղել են նաեւ ընտրություններ, որոնց վերջնական արձանագրությունները ՀՅԴ ներկայացուցիչները չեն ստորագրել: Հանուն արդարության պետք է հիշեցնել, որ ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքներից միշտ դժգոհ մնալով եւ կեղծիքների մասին խոսելով հանդերձ՝ միշտ էլ ձեռնպահ է մնացել այդ արդյունքները բողոքարկելուց: Այսուհանդերձ, ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ եթե ընտրական իրավունքի պաշտպանության այս պարզ գաղափարն էլ չի միավորելու ընդդիմությանը, ապա դա ցույց է տալիս, որ ՀԱԿ-ն անում է այն, ինչ իշխանություններն են ուզում՝ ապահովել իշխանությունների երկարակեցությունը:
Քաղաքական այս երկու միավորների հեռակա լեզվակռվից առայժմ զերծ էր «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե կուսակցությունը ՀՅԴ-ի նախաձեռնության շուրջ քննարկումներ դեռ չի արել, ուստի՝ ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժմանը «Ժառանգության» մասնակցության վերաբերյալ հարցն առայժմ անպատասխան է: Իսկ նման քննարկումներ առհասարակ կլինե՞ն, թե՞ ոչ, ըստ Ա. Մարտիրոսյանի՝ ցույց կտան հետագա զարգացումները: Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի վերը բերած եւ ՀՅԴ-ի դեմ ներկայացրած մեղադրանքներին, ապա «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց. «Եթե հետ գնանք ու հիշենք, թե ովքեր են ընտրակեղծիքներ իրականացրել, ապա պիտի արձանագրենք, որ ներկայումս քաղաքական դաշտում գործող ուժերից որեւէ մեկը, բացի «Ժառանգությունից», չի կարող արդարանալ, թե ընտրակեղծիք չի արել կամ դրան մասնակից չի եղել»: Ավելին, Ա. Մարտիրոսյանը հիշեց, որ 1995-ին ինքը՝ որպես ժամկետային զինծառայող զորակոչված էր հայկական բանակ, եւ զորամասի հրամանատարը զինվորներին հրահանգել էր ընտրությունների գնալ ու ընտրել այն ժամանակվա իշխանական՝ «Հանրապետություն» դաշինքին եւ «այո» ասել ՀՀ Սահմանադրությանը, որի հանրաքվեն անցկացվում էր խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ: Պարզվեց՝ Ա. Մարտիրոսյանը, որ «նախկին» իշխանությունների օրոք էլ էր ընդդիմադիր կեցվածք ունեցել, հակառակ հրամանին հաջողացրել էր «ոչ» ասել Սահմանադրությանն ու «Հանրապետություն» դաշինքին էլ ձայն չի տվել: Ասել կուզենք՝ մարդիկ 1995-96թթ. կեղծված ընտրություններն էլ, այնուամենայնիվ, չեն մոռացել:
Իսկ սկզբունքորեն ընդդիմադիր դաշտի որոշակի խնդիրների շուրջ համախմբմանը դեմ չեն ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ էլ ՀԱԿ-ը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե ընդդիմադիր գործընկերություն ստեղծելն անհրաժեշտ է՝ հատկապես իշխանությունների վերարտադրությունը թույլ չտալու համատեքստում, իսկ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի կարծիքով էլ, այլ կլիներ, եթե որեւէ ծրագիր ուղղված լիներ ժողովրդի իրավունքների ոտնահարման դեմ կամ այդ իրավունքների համար հասարակության պայքարի ընթացքում նրա նկատմամբ բռնությունների ու հանցագործությունների բացահայտմանն ու կանխմանը: Քաղաքական ուժերի հետ համագործակցության առումով ավելի հեռուն է գնացել ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը երեկ հայտարարել է, թե Կոնգրեսը պատրաստ է դաշնակցել անգամ իշխանական ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ՀՅԴ-ի հետ՝ երկրում ժողովրդավարացման գործընթացն արագացնելու նպատակով:
Ստացվում է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը բոլորի հետ համագործակցել ուզում են, բայց միշտ մի պատճառ գտնում են դա չանելու համար՝ հակառակ իշխանությունների, որոնք անպայման մի պատճառ մոգոնում են իրենց համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ հեռահար ծրագրերն իրականացնելու համար: