Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ԹԵԼԱԴՐԵԼ

Փետրվար 25,2011 00:00

\"\"Նախագահների հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող երկկողմանի, երբեմն նաեւ եռակողմ՝ ռուս, ամերիկացի կամ եվրոպացի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ, հանդիպումներով ոչ մեկն չես զարմացնի: Դրանք դարձել են ընթացիկ քաղաքականության մի մաս: Սակայն մարտի 5-ին ՌԴ նախագահի ներկայությամբ կայանալիք հանդիպումն, այդուհանդերձ, սպասելիքներ առաջացնում է այն առումով, որ դա տեղի է ունենալու աշխարհաքաղաքական բուռն զարգացումների համատեքստում: Մանավանդ, եթե նկատի առնենք վերջին օրերի պաշտոնական այցելությունների ցանկը՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի, Չինաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի, ԵԱՀԿ բանագնացի, Իրանի հատուկ բանագնացի այցերը Հայաստան եւ ամենատարբեր տրամաչափի վերլուծաբանների անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանը՝ այն չթերագնահատելու, ավելին՝ կարեւորելու եւ լուծման ճիշտ ուղիներ գտնելու տեսանկյունից: «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեի համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ արաբական աշխարհի այս հեղափոխական իրավիճակում տարածաշրջանը, մանավանդ Հայաստանը, կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: «Շատ մեծ մտահոգություն կա, թե ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր ռազմական զարգացումներն ինչպիսի հետեւանքներ կարող են առաջացնել: Բոլորն էլ հասկանում են, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, դա կարող է լայնածավալ ռազմական գործողությունների բերել, բայց այս պահին սա նոր երանգներ է ստանում: Առաջինը՝ Ադրբեջանում ներքին իրավիճակին համապատասխան պոռթկում կարող է լինել՝ ելնելով իսլամական տրամադրություններից, բայց Աստված մի արասցե, եթե իսկապես սկսվեն ռազմական գործողություններ, ապա դա ոմանց համար Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ սկսելու լավագույն հնարավորություն կլինի: Սա մեզ համար ծանրագույն հետեւանք կարող է ունենալ»,- կարծում է Արամ Գասպարիչը: Վերոնշյալ պաշտոնյաների այցելություններն, ըստ մեր զրուցակցի, ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու նպատակ չունեն: Դա խոսում է այն մասին, որ բոլորն են անհանգստացած այս իրավիճակով: Եվ այս պարագայում ի՞նչ կարող է տալ նախագահների եռակողմ հանդիպումը: Լուրջ փոփոխություն Դեմկուսի նախագահը բացառում է, քանի որ դրա համար լուրջ հիմք չկա: «Բանակցային գործընթացն այսօր շատ վատ վիճակում է՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանը եւ նրա նախագահն անընդհատ եւ ավելի հաճախ խոսում են ռազմական գործողությունների վերսկսման մասին: Նման մթնոլորտում բանակցային գործընթացն արդյունավետ չի կարող լինել, մանավանդ, որ ՀՀ նախագահը նույն կոշտությամբ տալիս է Ալիեւի պատասխանը: Կարծում եմ, այս հանդիպման հիմնական նպատակը կլինի այս տրամադրությունների զսպումը եւ թույլ չտալը, որպեսզի զարգացումները բերեն ռազմական գործողությունների»,- ասում է Արամ Սարգսյանը: Իսկ առհասարակ, նա առաջարկում է բանակցային գործընթացում փոփոխություններ մտցնել: Մասնավորաբար, վերջ դրվի ռազմատենչ հայտարարություններին եւ վերանայվեն մադրիդյան սկզբունքները: Խոսքը հատկապես հնարավոր հանրաքվեի եւ ԼՂՀ-ին տրվելիք ժամանակավոր կարգավիճակի կետերի մասին է. «Եթե հայկական կողմը չի ստանում շատ ավելի հստակ երաշխիք, որ այդ հանրաքվեն չի կայանալու առաջիկա ժամանակահատվածում, ապա բանակցային գործընթացը չի կարող փոխել իր հունը: Որպեսզի բանակցությունները կոնստրուկտիվ դառնան, այդ խնդիրը պետք է կարգավորվի»: Տարիներ շարունակ խոսվում է ԼՂՀ-ին բանակցային փուլ վերադարձնելու մասին: Ավելին, վերջին շրջանում ղարաբաղյան կողմն ավելի ինտենսիվ պնդում է այդ տարբերակը: Հետաքրքրվեցինք՝ ճիշտ ժամանակը չէ՞ այժմ այդ հարցը բարձրացնելու: Պատասխանը եղավ. «Առնվազն 15 տարի մենք այդ մասին ասում ենք: Բայց հիմա հայկական կողմը շատ ավելի հստակ պետք է այդ հարցը դնի: Ես անդրադարձա մադրիդյան սկզբունքների վերափոխմանը, քանզի կարծում եմ, որ դրանից հետո միայն ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին ուղղակի կլինի դոմինանտ պահանջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել