Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐԵԼ ԵՄ ՈՒ էՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԷԼ ԿՍԻՐԵՄ»

Փետրվար 24,2011 00:00

Սիրային խնդիրները դեռահասության շրջանում երբեմն ավարտվում են սպանությամբ, ինքնասպանությամբ կամ հոգեկան հիվանդություն ձեռք բերելով:

Մի քանի օրից լրանալու է Սյունիքի մարզում ինքնասպան եղած 14-ամյա աղջկա՝ Էլենի մահվան 1 տարին: Ուրախ, անհոգ, տաղանդավոր աղջիկը շենքի տանիքից նետվել էր, որ «սիրած տղան ամբողջ կյանքում տանջվի»: Այդ խոսքերը ինքնասպանությունից առաջ նա գրել էր նամակում՝ բացատրելով, թե ում եւ ինչի համար է գնում այդ քայլին: Թեեւ դեպքի հետ կապված հարուցվել էր քրեական գործ, քանի որ մարդուն ինքնասպանության հասցնելու համար նախատեսվում է մինչեւ 3 տարի ազատազրկում, բայց կդատվե՞ր այդքանից հետո աղջկա սիրած տղան, թե՞ պարզապես կտանջվեր՝ արդեն էական չէ, ոչինչ այլեւս չի սփոփի Էլենի ծնողների վիշտը:
Վերջին մի քանի տարիներին մեր երկրում անպատասխան սիրո, խանդի եւ առհասարակ սիրո հողի վրա կատարվել են մեծ ու աղմկահարույց սպանություններ, ինքնասպանություններ ու ինքնասպանության բազմաթիվ փորձեր՝ հենց դեռահասների մասնակցությամբ:
Օրերս Դավիթաշենի կամրջից նետվել էր 17 տարեկան մի տղա: Սովորաբար, այդ տարիքում ինքնասպանությունների հիմնական պատճառները երեքն են՝ կա՛մ տարբեր կրոնական կազմակերպությունների մեջ ընդգրկվելը, կամ քննություններն ու դպրոցական ինչ-ինչ խնդիրներ, կամ չստացված սերը: Տվյալ դեպքում երիտասարդն ընդհատել էր իր կյանքը դարձյալ անպատասխան սիրո պատճառով: Ավելի հասուն տարիքում նա, թերեւս, կողմնորոշվեր, որ Հայաստանում մեկ տղային 3-4 աղջիկ է հասնում, եւ եթե մեկը իրեն չսիրի, մյուսը կսիրի: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ ժողովրդագրական տվյալներին ոչ բոլորն են ծանոթ: Դավիթաշենի կամրջից ինքնասպանության դեպքից ուղիղ մեկ օր հետո էլ իր հայրական տանը՝ Չարենցավանում կախվել էր 18-ամյա մի տղա՝ դարձյալ անպատասխան սիրո պատճառով: Ցավոք, օրինակները շատ են ու մեկը մյուսից դաժան: Սիրային ամենաթեթեւ խնդիրներն այդ տարիքում ստիպում են աղջկան ննջասենյակի հենասյունից պարանով կախվել, տղային՝ ածելիով երակները կտրել: Եթե նրանց հետ ժամանակին հոգեբանական աշխատանք տարվեր՝ նման քայլեր կատարելուց առաջ, թերեւս, մի պահ նրանք մտածեին ու հետ կանգնեին այդ արարքից: Բայց խնդիրն այն է, որ ոչ դպրոցում, ոչ էլ ընտանիքներում այդ աշխատանքը հաճախ չի տարվում: Սոցիալական խնդիրների պատճառով ծնողները տարվում են օրվա հացը վաստակելու գործով ու անուշադրության են մատնում իրենց երեխաների ապրումներն ու խնդիրները, որոնք կուտակվելով՝ դրդում են հեշտ ու ամենասխալ ճանապարհով հարցի լուծմանը: Եթե նույնիսկ դեռահասը կամ պատանին չեն դիմում ինքնասպանության, հաճախ զգացմունքներից ու մտածմունքներից ձեռք են բերում տարբեր հոգեկան խանգարումներ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Երեւանի բժշկահոգեբանական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, իսկապես մտահոգիչ է, որ սոցիալական տարբեր խնդիրների, ինչպես նաեւ՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելուց բացի, մեծ թիվ են կազմում նաեւ սիրո հողի վրա երեխաների մոտ առաջացած հոգեբանական խանգարումները: Դեպք է եղել, երբ աղջկա մի «չէ»-ն սիրահարված երիտասարդին ուղիղ հոգեբուժական հաստատություն է հասցրել: Սակայն խոսքը միայն մերժում ստացած տղաների մասին չէ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սիրո պատճառով, օրինակ, ինքնասպանություն ու ինքնասպանության փորձ ավելի շատ կատարում են աղջիկները: Սիրած տղայի ուշադրությանը չարժանանալու դեպքում նրանց ինքնասիրությունն այն աստիճան է խոցվում, որ պատրաստ են գնալ ամենաանսպասելի ու անհավանական քայլերի: Օրինակ, սրանից մի քանի տարի առաջ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ծնողները, հարազատները, համադասարանցիներն ու դպրոցի ողջ անձնակազմն ապշած էին մնացել, երբ 14-ամյա Լիլիթն իրեն կախել էր ննջասենյակի պատին ամրացված կախիչից: Երեխան իր դպրոցական պայուսակում մի նամակ էր թողել ու երկու խնդրանք. մեկը՝ որ իր արարքի համար ոչ մեկին չմեղադրեն, մյուսը՝ որ սիրած տղային փոխանցեն այս խոսքերը. «Սիրել եմ ու էն աշխարհում էլ կսիրեմ, չնայած որ ինքը չհասկացավ»:
Այդ դեպքի մանրամասները քննության ընթացքում ցույց են տվել, որ երեխան այդ քայլին պատրաստվել է ամիսներ շարունակ: Նրա ֆիզիկայի դասագրքի մեջ եղել են երկտողեր, որ «Ժամը եկել ա, պիտի գնամ»: Դա նույնպես վկայում է, որ այդ ամիսների ընթացքում, եթե գոնե դպրոցում երեխայի հետ մեկը հոգեբանական աշխատանք տաներ՝ գուցե կանխվեր այդ դժբախտությունը: Բոլորս էլ գիտենք, որ ինքնասպանությունը թուլության նշան է, բայց քանի դեռ մեր դպրոցներում չեն պատրաստում մտավոր ունակություններով, ֆիզիկապես եւ հոգեպես ուժեղ սերունդ, դեռ շատ երիտասարդներ, որոնք կարող էին լինել մեր երկրի համար պիտանի մարդիկ, ընտրելու են խնդիրները լուծելու այդ հեշտ ու անհեթեթ ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել