Լոնդոնում մեկնարկելիք ամառային օլիմպիական խաղերին ընդամենը մեկուկես տարի է մնում եւ այդ կարճ ժամանակը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար չափազանց հագեցած է լինելու:
Առջեւում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն են եւ վարկանիշային մեկ մրցաշար: Մեր առաջատար բռնցքամարտիկները պատրա՞ստ են փորձություններին: «Առավոտի» զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է:
– Պարոն Գաբրիելյան, Ֆեդերացիան գալիք օլիմպիական խաղերին նախապատրաստվել սկսել է դեռ 2009 թվականից եւ այդ ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարել: Արվածն այսօր հանրագումարի բերել կարո՞ղ եք:
– Նախապատրաստությունն այսօր էլ շարունակվում է ու ավելի նպատակասլաց: Իսկ կատարվածի միջանկյալ գնահատականը տալ՝ հնարավոր է միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից ու եկող տարվա վարկանիշային միակ մրցաշարի ավարտից հետո:
– Նախաօլիմպիական տարիներն առանձնանում են իրենց լարվածությամբ: Մի կողմից՝ պայքար մեդալների համար, մյուս կողմից՝ օլիմպիական ուղեգրերի…
– Այս տարի մեր մարզաձեւի տարեկան միջազգային միջոցառումների պլանում էական փոփոխություն կատարվեց, որը չնախատեսված խնդիրներ է առաջացրել: Եվրոպայի հերթական առաջնությունը պետք է կայանար եկող տարի: Սակայն հունվարի վերջին Ստամբուլում հրավիրված ԱԻԲԱ-ի գործկոմի նիստում որոշվեց այն տեղափոխել այս տարվա մայիս: Դա անչափ կարեւոր մրցում է, որին հատուկ նախապատրաստվել է հարկավոր: Մինչդեռ 2011 թվականի բյուջեն հաստատելիս նման ծախս, բնական է, հաշվի չէր առնվել: Ֆեդերացիան արդեն դիմել է կառավարությանը եւ համոզված եմ, որ շատ շուտով համապատասխան լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի:
– Որտե՞ղ է լինելու Եվրոպայի առաջնությունը:
– Այն կազմակերպելու հայտ ներկայացրել էին Բուլղարիան եւ Թուրքիան, որը մտածելով, որ այդ պահին ինքը հյուրընկալող երկիր է, մեծ հույս ուներ, թե այդ իրավունքը իրեն կտրվի: Սակայն քվեարկության 6-4 հարաբերակցությամբ գործկոմի անդամները նախընտրեցին Սոֆիան:
– Դուք Ստամբուլում մասնակցում էիք ԱԻԲԱ-ի գործկոմի նիստին, որտեղ վերջնականապես վճռվեց աշխարհի առաջնությունն անցկացնել Բաքվում: Չընդդիմացա՞ք:
– Ինչպե՞ս չէ: Ես անձամբ ԱԻԲԱ-ի գործադիր տնօրենին եւ գործկոմի անդամներին մեր տարակուսանքը հայտնեցի՝ մանրամասն իրազեկելով այն բոլոր բարդությունները, որոնց առջեւ հայտնվել ենք Լոնդոնից առաջ. որ տարվա ամենապատասխանատու այդ մրցումը, որտեղ օլիմպիական ուղեգրերի ճակատագիրն է որոշվելու, նշանակվում է Ադրբեջանում, երկիր, որի հետ հարաբերությունները, ոչ մեր կամքով, օրեցօր սրվում են, իսկ դրանից առաջ էլ՝ միակ վարկանիշային մրցաշարի անցկացումը վստահվել է Թուրքիային, որ դրանք այն երկրներն են, որոնց հետ հասկանալի պատճառներով մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք եւ, հետեւաբար, երկու դեպքում էլ Հայաստանն անհավասար պայմաններում է հայտնվում: Հարցը բարձրացրել եմ նաեւ Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի առջեւ: Բայց նրանք հասկացրին, որ Կորեայի հրաժարվելուց հետո՝ հայտ ներկայացրած Ադրբեջանն արդեն մեծ ծախսեր է կատարել, որ Բաքուն Հայաստանի պատվիրակության անվտանգության երաշխիքներ տվել է եւ որ ԱԻԲԱ-ի վերեւներում որոշումն արդեն կայացրել են ու այն փոխել այլեւս հնարավոր չէ: Այնուամենայնիվ, կարծում եմ, իմ ելույթը կարեւոր դեր կատարեց գոնե Եվրոպայի առաջնությունը Բուլղարիային վստահելու գործում:
– Հիմա մեկնո՞ւմ ենք աշխարհի առաջնություն, թե՞ ոչ:
– Այս պահին միանշանակ պատասխանել չեմ կարող: Իմ համոզմամբ՝ չգնալը ճիշտ չէ: Դա նաեւ քաղաքական հարց է եւ միայն ֆեդերացիայի որոշելիքը չէ: Խնդիրը պիտի քննարկվի երկրի բարձրաստիճան ղեկավարության, ՀԱՕԿ-ի եւ սպորտի նախարարության մակարդակով: Բայց, անկախ ամեն ինչից, մենք այժմվանից լրջորեն նախապատրաստվում ենք: Պարզապես, բռնցքամարտիկները պիտի կարողանան մտածել ոչ թե կազմակերպիչ երկիր գնալու, այլ՝ այն մասին, որ մեկնում են աշխարհի առաջնություն, որտեղ հարկավոր է պայքարել:
– Բաքվում, կարծում եմ, մեդալներ նվաճելու հնարավորությունը նվազագույն է: Իսկ ուղեգրեր նվաճելը հնարավո՞ր եք համարում: Հոգեբանական ճնշված վիճակից բացի՝ նկատի ունեմ նաեւ հավանական կողմնակալ մրցավարությունը:
– Պիտի այդ ուղղությամբ էլ լրջորեն աշխատել: Մեր ֆեդերացիան՝ նախագահ Արման Մուրադյանի ստորագրությամբ, պաշտոնապես դիմել է ԱԻԲԱ-ի նախագահ պարոն Վուին, որպեսզի մեր մասնակցության դեպքում ես ընդգրկված լինեմ աշխարհի առաջնության ժյուրիի կազմում: Դա մեզ հնարավորություն կտա անմիջականորեն մասնակից դառնալ առաջնության անցկացման հետ առնչվող հարցերին, արդյունավետ միջամտել վիճահարույց խնդիրներին, անհրաժեշտության դեպքում կապ պահպանել ԱԻԲԱ-ի ու մեր ղեկավարության հետ: Բայց ԱԻԲԱ-ից առայժմ պատասխան չկա:
– Դա՝ եթե մեկնենք Բաքու: Իսկ մինչ ա՞յդ:
– Ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը հավաքականին ապահովել եւ ապահովում են լիարժեք մարզվելու անհրաժեշտ բոլոր պայմաններով, փորձի կուտակման նպատակով գործուղում են միջազգային մրցումներ, լուծում առաջացող բոլոր խնդիրները: Հավաքականի մարզիչներն էլ իրենց հերթին, իհարկե, կրկին մեր անմիջական մասնակցությամբ, այսօրվանից պետք է լրջորեն զբաղվեն մարզիկների հոգեբանական պատրաստվածության հարցերով: Ծանր գործ է, բայց պետք է անել հնարավորինը:
– Աշխարհի առաջնությունում ո՞ր տեղերն օլիմպիական ուղեգրի արժեք ունեն:
– Յուրաքանչյուր քաշային կարգում՝ 1-10-րդ:
– Այսինքն, հնարավորին չափ շատ ուղեգիր նվաճելու հավանականությունը փոքր չէ՞:
– Այստեղ մի նրբություն կա, որի մասին անպայման պետք է խոսել: Անցած տարի միջազգային ֆեդերացիան մի նորամուծություն արեց, որի իմաստն այն է, որպեսզի աշխարհի առաջնություններում ուժեղագույնները մեկնարկային փուլում միմյանց չհանդիպեն: Այժմ բռնցքամարտիկները տարվա ընթացքում վարկանիշային միավորներ են վաստակում (դա օլիմպիականի հետ կապ չունի), որոնք էլ հաշվի են առնվելու աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ: Դրա համար էլ նախ հարկավոր է հաջող հանդես գալ եվրոպական ստուգատեսում, որպեսզի Բաքվում պայքարի մեջ երկար մնալու հնարավորությունը մեծ լինի:
– Իսկ վարկանիշային մրցումում ի՞նչ տեղ է անհրաժեշտ գրավել:
– Դա կպարզվի ավելի ուշ:
– Հավաքականի կազմում փոփոխություններ եղե՞լ են:
– Երիտասարդ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը տեղափոխվել է պրոֆեսիոնալ ռինգ, Էդիկ Համբարձումյանը, որ երկրորդ երեխան է ունեցել, իմ տեղեկություններով, խոստացել է վերադառնալ եւ միանալ հավաքականի իր ընկերներին: Նոր ձեռքբերումներ էլ ունենք: Մասնավորապես, Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան մեր հայրենակիցներ, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը (Սոչիից) եւ գերծանր քաշային Արմեն Սիմոնյանը (Ուկրաինայից): Ի դեպ, երկուսն էլ հայաստանցի են:
– Մեր ընտրանու վերջնական կազմը ե՞րբ հայտնի կդառնա:
– Ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք հավաքականի գլխավոր մարզչին: Բայց, կարծում եմ, որ շատ բան կպարզվի ապրիլին Երեւանում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվելիք միջազգային ներկայացուցչական մրցաշարից հետո, որին մասնակցելու հրավիրել ենք ուժեղագույն թիմեր ու բռնցքամարտիկներ:
– Ֆեդերացիան օլիմպիական խաղերում քանի՞ մասնակից է տեսնում:
– Հավաքականի մարզիչները խոստացել են երեքից չորս հոգի: Պետք է համբերել եւ տեսնել, թե նրանք որքանո՞վ տեր կկանգնեն իրենց խոսքին: Ի վերջո, մարզիչները վերջում ընդունված կարգի համաձայն հաշվետու են լինելու: