Ըստ խմբավար Տիգրան Հեքեքյանի՝ սա օտար ազդեցություններից սերունդը փրկելու ճանապարհներից մեկն է
«Մենք կորցրել ենք մեր ինքնությունը,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետը հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ղեկավար, խմբավար Տիգրան Հեքեքյանն ու հավելեց:- Մենք հանձնվել ենք ինքնակամ՝ մեր մշակույթը դնելով մի կողմ»:
Վերջերս երգահան Վահրամ Պետրոսյանի շուրջ շրջանառվող խոսակցությունները Տ. Հեքեքյանին խիստ զայրացրել են: Նա ասաց, որ անգամ չգիտի էլ՝ այդ երգահանն ո՞վ է: Ասուլիսի սկզբում արվեստագետը նշեց, որ ինքը երեւի իզուր է եկել, որովհետեւ այս իրարանցումը, որը տեղի է ունենում՝ իր համար անհասկանալի է:
Տ. Հեքեքյանի ձեւակերպմամբ, երիտասարդ երգահանի կողմից բարձրաձայնած երեւույթը խոր արմատներ ունի. «Այն, ինչին այսօր հասել ենք՝ հասել ենք երկար տարիների, նույնիսկ դարերի ընթացքում պետականություն չունենալու եւ օտար լծի տակ հարյուրամյակներ ապրելու հետեւանքով: Ինչ լսեցրել, ինչ հաղորդել ենք, ինչ դաստիարակել ենք, այն էլ քաղում ենք: Իսկ երիտասարդ երգահանների գրած երաժշտությունը խառնածին է եւ մերը չէ: Մուղամն արվեստ է, սակայն մեր երգիչները վերցնում են այնպիսի բաներ, որոնք ոչ թուրքական են, ոչ ռուսական, ոչ ադրբեջանական: Նույնիսկ այդ ազգերը կվիրավորվեն, եթե լսեն: Իսկ այն խոսքը, որ ճաշակին ընկեր չկա, պարզապես արդարացում է անճաշակների համար: Երաժշտությունում կան տարբեր նախասիրություններ, բայց կա ճաշակով ու անճաշակ երաժշտություն»:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանի կարծիքով՝ այսօր երաժշտության մեջ կան գռեհկություններ, ցածր մակարդակ, ցածրորակ վավաշ. «Մատուցվող ցածրորակ եւ խառնածին երաժշտության խնդիրը նոր չէ: Ես գիտեմ, որ մեր գործիքների մեջ մուղամ կա: Խառնում ենք երկու խնդիր՝ մեկը մեր հարեւան ազգերի մշակույթի ազդեցությունն է, երկրորդն էլ՝ ճաշակի խնդիրը: Անշուշտ, կան նաեւ փոխազդեցություններ»:
Տ. Հեքեքյանը նշում է, որ երաժշտությունը տիեզերական լեզու է, որը հեշտ թափանցում է մարդու երակների մեջ, այդ պատճառով անհրաժեշտ է մարդկանց ճաշակով եւ որակյալ երաժշտություն «հրամցնել». «Այս ամենը ձեւավորվում է հասարակության, պետության միջոցով: Չեմ կարծում, թե իրավունք ունենք պարտադրելու մեկին՝ դու սա կլսես, իսկ սա՝ ոչ: Պետությունը պետք է ունենա մասնագետներ, որոնք ունեն լայն ունկնդիրներ եւ ազդեցության լայն ոլորտ, նրանց պետք է վստահվի ապագա սերնդի դաստիարակությունը եւ ճաշակի ձեւավորումը»:
Պիպոյանի փոխանցմամբ. «Մենք ինքնաճանաչման խնդիր ունենք: Ամենաէժան, ամենացածր, ամենապրիմիտիվ բնազդներն առկա են բոլորի մոտ: Իհարկե, այս ամենի դեմ կարող էինք պայքարել, եթե դրանք այդքան տարածում չունենային ռեստորաններում եւ հասարակական այլ վայրերում: Ցածրորակ երաժշտությունը հասարակական մեծ պահանջարկ ունի եւ հեշտ է վաճառվում: Միայն բնազդները բավարարող երաժշտությունն է հեշտ եւ արագ վաճառվում…»:
Տ. Հեքեքյանը գտնում է, որ կրթված ազգ եւ պետություն ունենալու համար պետք է բարեփոխումները սկսել դպրոցից. «Յուրաքանչյուր երեխայի պետք է ամեն տարի առնվազն 20 ժողովրդական երգ սովորեցնել, դրանից մեր ազգը միայն կշահի»:
Լ. Պիպոյանն էլ նկատեց. «Պետք է լինի պետական քաղաքականություն, ցածրորակի կողքին լինի բարձրարվեստը, որպեսզի մարդիկ համեմատություն անեն»: