Համոզված են մտավորականները
«Էս էն Երեւանը չի»,- ասում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Երեկվա ասուլիսում ճարտարապետն ու նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանն իրենց մտահոգությունները հայտնեցին Երեւան քաղաքի փոփոխությունների, մարդկանց անտարբերության մասին:
Լ. Իգիթյանը շեշտեց, որ հայերի շրջանում կա մի ստվար զանգված, որ սիրում է ամեն ինչի մասին ուռճացված խոսել, քննադատել ու բողոքել, առանց խորանալու, հասկանալու բուն խնդիրը. «Օրինակ, եթե հիշում եք՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս ի՜նչ աժիոտաժ էր այս թեմայի շուրջ: Ամեն ինչ փոխված է, երկիրն է փոխվել, միայն մենք չենք փոխվել: Նույն այդ Հյուսիսային պողոտայի շրջակայքում, հիշո՞ւմ եք, ի՜նչ էր կատարվում. մարդիկ մայկաներով եւ տապչկեքով փողոցում նստած նարդի էին խաղում»:
Հ. Գարուկյանի խոսքով՝ գուցե «էս էն Երեւանը չի», բայց այդպես էլ պետք է լիներ. «Չի կարող ոչինչ նույնը մնալ: Ժամանակն առաջ է գնում: Բայց հաստատ մարդով է քաղաքը մնում քաղաք… Բոլորը դեռ խոսում են Հյուսիսային պողոտայի մասին: Ախր այն չի կարող միանգամից ծաղկել: Նույնիսկ նոր վերանորոգված բնակարանն է տհաճ մտնել: Ամեն ինչ աստիճանաբար կլինի»:
Նկարիչը անդրադարձավ վերջին շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցող փոփոխություններին. «Դեմ չէի, որ փողոցային առեւտուրը կրճատվեր, բայց գիտեմ, որ Փարիզում էլ փողոցային առեւտուր կա: Պետք չէր բոլորը կրճատել: Օրինակ՝ սրճարան են քանդել տալիս, գուցե մարդկանց հաճելի՞ է այդ սրճարաններում նստել, եթե դա, իհարկե, ծառերը հատելու հաշվին չէ»:
Լ. Իգիթյանն ասաց. «Մենք ենք Երեւանը դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա է: Ասեք, տեսնեմ՝ ո՞ւմ են խանգարում գազարագույն աղբամանները, եւ կարո՞ղ եք ասել՝ ինչպես են դրանք իրենք իրենց ջարդվում: Ես ուզում եմ այդ մարդկանց հոգեբանությունը հասկանալ… Ապրիլի 24-ին լուրջ դեմքով ծաղիկներով գնում ենք Ծիծեռնակաբերդ ու դեռ բոլորի մոտ կարծիք ենք կազմում, թե՝ էս ի՜նչ պարկեշտ ազգ ա, ինչպես է ստացվում, որ այդ նույն դեմքով գնացողը ոտքով ջարդում է աղբամանները»: Ճարտարապետը վերոնշյալ «վայրենությունները» պատճառաբանեց Երեւանի հանդեպ սիրո պակասով. «Երեւանն այսօր սիրո պակաս ունի: Եթե սիրենք մեր քաղաքը՝ ամեն ինչ էլ կանենք նրա համար»:
Հ. Գարուկյանն էլ հավելեց. «Մենք իրավունք չունենք չմտածել մեր քաղաքի մասին, պետք է փայփայենք այն՝ ինչ ունենք»:
Նկարիչը խոստովանեց, որ եթե դեմ առ դեմ նստած լինի քաղաքապետի հետ, նրա հետ այնքան պետք է խմի, որ կարողանա բոլոր խնդիրների ու բացթողումների մասին ազատ խոսել: Լ. Իգիթյանն էլ անկեղծացավ, որ քաղաքապետի հետ վերջերս է հանդիպել եւ իր համար առաջնային խնդիրների մի մասը դրական լուծման է արժանացել. «Հարցերի մի մասը վերաբերում էր Ժամանակակից արվեստի թանգարանի խնդիրներին, մի քանի հարց էլ՝ մայրաքաղաքի սեփական համերգային դահլիճ կառուցելուն»: