Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Փետրվար 24,2011 00:00

Իր եւ «դրսում» ստեղծագործող կոլեգաների անունից ասում է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը

\"\"
Դիրիժոր Մայքլ Մորգանը (ձախից), Անի Քրիստին եւ Ավետիս Բերբերյանը:

«Առավոտը» մշտապես հետամուտ է եղել արտերկրում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի արվեստագետների ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացնելով հատկապես նրանց, ովքեր ինտեգրվում են համաշխարհային արվեստին: Մեր ուշադրությունը գրավեց San Fransico classical voiceses պարբերականի հունվարի 30-ի համարը, որտեղ ներկայացված էին Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ «Փարամոնթ» 3400 տեղանոց թատրոնի դահլիճում Oakland East Bay սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի այս տարվա երկրորդ համերգի արձագանքները: Պարբերականի արվեստաբանը զուգահեռ է անցկացնում այդ երեկո հնչած Բրամսի «Ռեքվիեմի» եւ, իր խոսքերով՝ հայ մշակույթը ներկայացնող կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի համար գրված երկու վոկալ բալլադների («Իմ մայր», «Ելիր, ով հայ») եւ «Հերոսի ուղին» սյուիտից հնչած երկու հատվածի («Ադաջիո» եւ «Ճակատամարտ») միջեւ: Ավելին, ըստ մասնագետի, Բերբերյանի ստեղծած բալլադները հիշեցնում են հոլիվուդյան կինոինդուստրիայի մշտական գործընկերներ, անվանի կոմպոզիտորներ Ջոն Ուիլյամսի եւ Ջեյմս Հորների «մտածելակերպը»:
Այս օրերին կարճատեւ այցով կոմպոզիտորը գտնվում է Երեւանում, եւ մենք հանդիպեցինք նրա հետ: Խնդրեցինք նախ պատմել, թե ինչպես շուրջ 2 տարի ԱՄՆ-ում ապրող եւ ստեղծագործող հայ կոմպոզիտորի գործերը արժանացան Սան Ֆրանցիսկոյի ճանաչված նվագախմբի ուշադրությանը:
«Oakland East Bay սիմֆոնիկ նվագախմբի եւ Սաքրամենթոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մայքլ Մորգանին դեռեւս անցյալ տարվա գարնանը ներկայացրի իմ CD-ն: Մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ այնքան է տպավորված հատկապես իմ վոկալ բալլադներով, որ, ոչ ավել, ոչ պակաս, որոշում է կայացրել դրանցից երկուսը հնչեցնել Բրամսի «Ռեքվիեմի» հետ՝ մեկ երեկոյի ընթացքում: Որպես մենակատարներ հանդես եկան երգչուհի Անի Քրիստին եւ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի առաջատար տենոր Թոմաս Գլենը: Մատուցվող երաժշտությունը մեկնաբանում էր դիրիժոր Մայքլ Մորգանը»,- ներկայացրեց Ա. Բերբերյանը: Հիշեցնենք, որ ժամանակին կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երեւանի սիմֆոնիկ նվագախմբերի մեկնաբանմամբ: Երաժշտասերները պետք է որ հիշեն նրա «Իմ մայրը» բալլադի կատարումը Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Նուշիկ Միքայելյանի, Անուշ Արշակյանի մատուցմամբ:
Զրույցի ընթացքում կոմպոզիտորը տեղեկացրեց, որ անցյալ տարի Սան Մաթեոյում կայացած գալա համերգին կատարվել է իր «Ադաջիոն» եւ «Ճակատամարտը»՝ «Մեդիա սիթի» բալետային խմբի մենակատարների մասնակցությամբ (բեմադրությունը՝ Նատաշա Միդելթոնի), Նուշիկ Միքայելյանի մատուցմամբ էլ առաջին անգամ հնչել է «Կյանքն այս» երգը: Հետաքրքրությանը՝ հայաստանցի նախկին գործընկերների հետ նախագծեր չի՞ ծրագրում, Ա. Բերբերյանն ասաց, որ բավական ժամանակ է, ինչ կենտրոնացած է իր երկրորդ CD-ի աշխատանքների վրա ու նման նախագծեր դեռ չկան:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Երեւանը հյուրընկալում է երաժշտարվեստի իրական աստղերի, ովքեր հիանում են ոչ միայն թամանյանական ճարտարապետությամբ, այլեւ հայ հանդիսատեսի վերաբերմունքով, մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, որ լավագույն ստեղծագործողները «արտահոսում» են Հայաստանից, կոմպոզիտորը պատասխանեց, որ «դրսում» ինքն ու իր գործընկերները անելիք ունեն: Հետո էլ հավելեց. «Հունվարին Սան Ֆրանցիսկոյում կայացած համերգից հետո բացճակատ կարող եմ հայտարարել, որ աշխարհի մշակույթների կիզակետում հայտնված հայերս պարզապես ճակատամարտ ենք մղում տարբեր մշակույթների քառուղիներում, պատկերավոր ասած՝ օվկիանոսում կռիվ ենք տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել