Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԺԻՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՎԵՑ

Փետրվար 24,2011 00:00

Ալժիրի ղեկավարությունը վերացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը գործում էր 19 տարի: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հունվարի վերջին Ալժիրում սկսված բողոքի ակցիաների ժամանակ իշխանությունը խոստացել էր երկրում իրականացնել բարեփոխումներ: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է արտակարգ դրության ռեժիմի վերացումը Ալժիրում՝ միաժամանակ ընդգծելով, որ դրան պետք է հաջորդեն քաղաքական ավելի մեծ ազատություններ ապահովող բարեփոխումներ:
Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարության աջակիցները կրակ են բացել նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը պահանջող ուսանողների վրա, ինչի հետեւանքով զոհվել են 2 եւ վիրավորվել՝ 11 ուսանող: Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, թե չի հեռանա պաշտոնից, քանի դեռ հանրաքվե չի եղել: Երկրում ընդվզումները կասեցնելու նպատակով իշխանությունները մի շարք քաղաքներում զրահատեխնիկա են տեղակայել:
Բահրեյնում, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում, իշխանությունները ստիպված են եղել ազատ արձակել ազատազրկման վայրերում գտնվող քաղբանտարկյալներին: Reyters-ի մատուցմամբ, փորձելով ընդդիմության հետ երկխոսություն սկսել, Բահրեյնի իշխանությունները ազատ էին արձակել 23 շիա ակտիվիստների, որոնք ավելի վաղ մեղադրվել էին պետական հեղաշրջման փորձի մեջ, իսկ երեկ ազատ է արձակվել եւս 100 ընդդիմադիր բանտարկյալ: Այդուհանդերձ, ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել