Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՌՆՎԱԶՆ ԵՎՍ 2 ՕՐ «ՁԳԵԼ»

Փետրվար 24,2011 00:00

\"\"Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ անդրադառնալով Լիբիայի իրադարձություններին, այդ երկրի նախագահ Մուամար Քադդաֆիին կոչ է արել համաձայնել ժողովրդի պահանջներին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով իրանական FARS գործակալությունը:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ ինչ-որ մեկը գնդակահարի իր ժողովրդին»,- ասել է Ահմադինեջադը՝ Քադդաֆիին կոչ անելով հրաժարական տալ եւ լինել ժողովրդի կողքին:
Հիշեցնենք նաեւ, որ 2009-ի հունիսին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ակցիաները նույնպես բռնությամբ ճնշվեցին, որոնց զոհ գնաց մի քանի տասնյակ մարդ:
Ընդսմին, Քադդաֆին հեռուստատեսային իր ելույթում հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ կամ հեռանալ երկրից եւ կնահատակվի այստեղ՝ վստահեցնելով, որ Լիբիայի իշխանությունները դեռեւս ուժ չեն գործադրել եւ պատրաստ են այդ քայլին դիմել անհրաժեշտության դեպքում: Սա այն պարգայում, երբ փետրվարի 15-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի թիվն անցել է 500-ը:
Միջազգային կառույցներն ու ԶԼՄ-ները շարունակում են հետեւել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Լիբիայի իշխանություններին՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար եւ կոչ է արել պատասխանատվության ենթարկել մարդկային զոհերի համար \"\"պատասխանատուներին: Իրենց հայտարարության մեջ ԱԽ անդամները կոչ են արել դադարեցնել բռնությունները Լիբիայում եւ շեշտել, թե երկրի իշխանությունները պետք է «հաշվի նստեն ժողովրդի իրավաչափ պահանջների հետ»:
Ավելի վաղ Լիբիայի գնդապետ առաջնորդն իր կողմնակիցներին կոչ էր արել «ճզմել խավարասերներին եւ առնետներին, որոնք հանդես են գալիս իր իշխանության դեմ»: Նա նաեւ զգուշացրել է, թե յուրաքանչյուրը, ով զենք կվերցնի Լիբիայի կառավարության դեմ՝ մահապատժի կենթարկվի: Նա նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին՝ դուրս գալ փողոցներ եւ հակահարված տալ իր հակառակորդներին: Քադդաֆիի ծրագրի համաձայն, երիտասարդները պետք է ջոկատներ եւ կոմիտեներ կազմեն ազգի պաշտպանության համար: Նա հավելել է, թե չորեքշաբթի օրվանից երկրում անվտանգությունը կապահովի ոստիկանությունը:
Չնայած այսօրինակ կոշտ հայտարարություններին, երկրի ՆԳ նախարար Աբդել Ֆատահ Յունես Աբիդին հրաժարական է տվել եւ դիմել է բանակին՝ կոչ անելով «միանալ ժողովրդին եւ հաշվի առնել նրա պահանջները»: Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկել է նաեւ Եվրամիությունը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եվրոպական երկրներին առաջարկել է դադարեցնել Լիբիայի հետ տնտեսական հարաբերությունները:
Նրա կարծիքով, միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ եւ չարձագանքել Լիբիայում «մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման փաստերին»: ԵՄ-ն սկսել է քննարկել Լիբիայից գազի ներկրումից հրաժարվելու տարբերակը՝ որպես այդ երկրի վրա ճնշումներ գործադրելու հնարավոր եղանակներից մեկը: Չորեքշաբթի այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ շեշտելով, թե այդ երկրի դեմ պատժամիջոցների մեծ արսենալ կա:
Հիշեցնենք, որ Լիբիայում բռնկված ընդվզումների եւ բախումների հետեւանքով կան հարյուրավոր զոհեր. պաշտոնապես հաղորդվում է 300 զոհերի մասին, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը ավելի քան 500 է: Երկրում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով հրաժարական տված եւ ժողովրդի կողմն անցած ազգային անվտանգության նախկին նախարարը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնարավոր է համարել Քադդաֆիի ինքնասպանությունը:
Վերլուծաբաններն իրենց հերթին պնդում են, որ 42 տարի իշխող Քադդաֆիի հրաժարականը կարող է ձգձգվել առավելագույնը երկու օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել