Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնավարության խնդիրները

Փետրվար 24,2011 00:00

 Բուհերը դեռ կախված են ԿԳ նախարարությունից

Դեռեւս 1988թ. սեպտեմբերի 18-ին Բոլոնիայում նշելով հնագույն համալսարանի 900-ամյակը՝ մի շարք երկրների համալսարանների ռեկտորների կողմից ստորագրվեց «Համալսարանական ազատությունների խարտիան», կոչ անելով բոլոր պետություններին ու ազգերին՝ ընդունել հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է աջակցեն համալսարանների կրթական գործունեությանը: Համալսարանական ազատությունների խարտիան նախանշեց հիմնարար սկզբունքներ, ըստ որոնց՝ համալսարանը հասարակության ոլորտում աշխարհագրորեն եւ պատմական տարբեր ժառանգությամբ ձեւավորված ինքնավար հաստատություն է, որտեղ հասարակության կարիքների բավարարման համար իրականացվող գիտահետազոտական աշխատանքները եւ ուսուցումը պետք է անկախ լինեն քաղաքական եւ տնտեսական իշխանությունից: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր երկրում օրենսդրորեն ամրագրվեց համալսարանական համակարգում ինքնավարության ընդլայնման անհրաժեշտությունը: Այսպես, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 2004 թ. հոդված 4, կետ 7-ով ամրագրվեց, որ «պետության քաղաքականությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտության կրթության բնագավառում բուհերի ակադեմիական ազատությունները եւ ինքնավարությունը խթանելն ու զարգացնելն է»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ բուհերը գործնականում չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավասությունները մի շարք ուղղություններով:
Նախ, էական է բուհերի կախվածությունը ՀՀ ԿԳ նախարարությունից: Ուսանողների միջբուհական տեղափոխումները, ակադեմիական երկարաժամկետ դադարից հետո բուհերում սովորողների վերականգնումները, ընդունելության տեղերի հաստատումները եւ նմանատիպ բազմաթիվ հարցեր ներկայումս լուծվում են բացառապես նախարարության թույլտվությամբ: Դեռեւս առկա է խորհրդային ժամանակներից ժառանգած իներցիոն այն ուժը, որը կաշկանդում է համալսարաններին, առանց ՀՀ ԿԳ նախարարության միջամտության, ամբողջ թափով իրացնել իրենց վերապահված իրավասությունները: Նույնիսկ կարեւորագույն հարց հանդիսացող դիմորդների ընտրությունը վերապահված չէ բուհերին եւ շուրջ երկու տասնամյակ ընդունելության քննություններ են անցկացվում կենտրոնացված կարգով՝ առանց բուհերի ակտիվ մասնակցության: Իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համալսարանները գործուն մասնակցություն ունեն իրենց դիմորդների ընտրության հարցում:
Երկրորդ. ՀՀ պետական բուհերը խոշոր հարկատուներ են: Ստեղծվել է մի իրավիճակ, որ պետական բուհերը տարեկան առավել հարկեր են մուծում պետական բյուջե, քան բյուջետային ֆինանսավորում են ստանում: Հետեւաբար, պետությունը, բուհերին հնարավորություն տալով ինքնուրույն որոշելու տնօրինած ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, միաժամանակ հարկային բեռի հետեւանքով թույլ չի տալիս լայն թափով զարգացնելու համալսարանական գործունեությունը: Ուստի ներկայումս հիմնախնդիր է հանդիսանում կառավարության կողմից համալսարանական համակարգում հարկային արտոնությունների սահմանումը, որը, ի դեպ, շուրջ տասը տարուց ավելի գործում է ավելացված արժեքի հարկի գծով: Միայն այդ հարկատեսակից բուհերին ազատելով՝ անմիջապես հնարավորություն ստեղծվեց էականորեն բարձրացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը, ստեղծել խրախուսման ֆոնդեր, համալսարաններում կատարել կապիտալ շինարարություն, ընդլայնել հրատարակչական գործը եւ այլն:
Պետության կողմից բարձրագույն կրթության հետագա մատչելիության բարձրացումը գերակա հռչակված լինելով՝ տարեցտարի (վերջին 6-7 տարում) չեն աճում պետական ներդրումները բարձրագույն կրթության զարգացման ոլորտում: Բյուջեում ավելացումները, ցավոք, պայմանավորված են միայն գնաճով եւ աշխատավարձերի չնչին ավելացումով: Փաստորեն, դրանով պետության կողմից ապահովվում է բուհերի ծախսերի 20-25%-ը, երբեմն նաեւ՝ 30%-ը, բայց ոչ ավելին: Դեռ ավելին. քանի որ հստակ չեն մեկ ուսանողի համար նախատեսված ծախսերը, որպես կանոն, խզում է առաջանում պետության եւ վճարովի սովորող ուսանողների կողմից տրվող գումարների միջեւ: Բայց միշտ այնպես է ստացվում, որ կրթական ծառայությունների մատուցման ոլորտում քիչ վճարում է պետությունը, ավելին՝ ուսանողը, եւ առաջացող ճեղքվածքը լրացվում է դարձյալ ուսանողներից գանձվող վարձավճարների հաշվին: Սրանք իրողություններ են, որոնք բացասական ազդեցություն են ունենում կրթության մատչելիության սկզբունքի արմատավորման վրա եւ այդպես էլ լուծումներ չեն ստանում: Նման իրավիճակը համալսարաններին «ֆինանսական կախվածության» մեջ է գցում վճարովի համակարգում հայտնված վատ առաջադիմություն ցուցաբերող ուսանողներից: Գաղտնիք չէ, որ ուսանողներ հեռացնելով եւ կրթավճարների էական կրճատումներով բուհերը հայտնվում են ծանր ֆինանսական կացության ձեւավորման վտանգի առջեւ եւ ստացվում է այնպես, որ համալսարանների ֆինանսական կայունության ապահովմանը ինչ-որ չափով «զոհաբերվում» է նաեւ կրթության որակը:
Եվ վերջապես, համալսարանները ներկայումս չեն կարողանում նաեւ լիարժեք իրացնել գիտահետազոտական ոլորտում իրենց տրամադրված իրավասությունները: Այսպես, դեռեւս սահմանափակ են ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի տեղերը, որը, ի դեպ, դեռեւս սահմանվում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ավելին, նույնիսկ գիտական աստիճանաշնորհումները, որոնք տրվում են բուհերին կից մասնագիտական խորհուրդների կողմից, հավելյալ փորձաքննվում են ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: Նույն կազմակերպությունն է հաստատում նաեւ համալսարանների գիտական խորհուրդների կողմից առաջադրվող դոցենտների եւ պրոֆեսորների գիտական կոչումները:
Այսպիսով, չնայած անդամակցելով բոլոնյան գործընթացին, դեռեւս ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական համակարգը խնդիրներ ունի եվրոպական չափանիշներով համալսարաններին վերապահված իրավասությունների եւ ինքնավարության իրագործման ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել