Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել՝ ուղղված «անկախ Հայաստանի հպարտ եւ ազատատենչ քաղաքացուն», որում, մասնավորաբար, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը խեղդելու նպատակով, ոչ լեգիտիմ, հանցագործ, արյան ծարավ վարչախումբը, ոտնահարելով ժողովրդի սահմանադրական իրավունքը, մարտիմեկյան սպանդով, բռնությամբ եւ մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով փորձեց ճնշել ժողովրդի արդարացի ցասումը ու ստրկական լծի մեջ պահել Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացուն:
Իշխանության հերթական բռնազավթման խնդիրը լուծված համարելով, հանցագործ կլանը հերթական ավերիչ հայացքն ուղղեց դեպի գյուղն ու գյուղացու սրբություն սրբոցը՝ հողը: Քոչարյանասերժական իշխանավարման տարիներին գյուղերը դատարկվեցին: Հայաստանը կանգնեց ֆինանսա-տնտեսական խոր ճգնաժամի եւ սոցիալական աղետի առջեւ: Իշխանությունների անտարբեր եւ բիրտ հայացքի ներքո անտուն եւ անտեր մուրացկանների մի ամբողջ բանակ է շրջում երկրում, որոնց սոված աչքերն ակամայից ասում են. «Մենք ոչ մեկին պետք չենք»: Մենաշնորհային, հանցավոր տնտեսվարման արդյունքում գնաճը ոչ միայն չի զսպվում, այլեւ օրենքների մեջ նորանոր փոփոխությունների միջոցով այն խրախուսվում է եւ ավելի վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը: 2010թ. դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 10.6 տոկոս, իսկ կենսական առաջին անհրաժեշտության եւ պարենային ապրանքների դեպքում այն գերազանցում է 44 տոկոսը: Մաքսային եւ հարկային ապազգային քաղաքականության, տնտեսական առողջ մրցակցության բացակայության արդյունքում ոչնչացման եզրին է կանգնած մանր եւ միջին բիզնեսը: Հանցագործ ռեժիմը նպատակաուղղված ոչնչացնում է տնտեսվարողների այն հատվածը, որը Հայաստանում ձեւավորում է միջին խավը՝ խոչընդոտելով երկրի քաղաքացիական հասարակության եւ ազատ մտածելակերպի ձեւավորմանը:
Հայաստանը դադարել է գրավիչ լինել հայ գործարարի համար: Արդեն իսկ փաստ է, որ 100 եւ ավելի գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան: Տեղի է ունենում հայկական կապիտալի աննախադեպ արտահոսք: Տարօրինակ եւ անհասկանալի է, որ այս ամենին անտարբեր ու անհաղորդ են մնում «աշխատավորների պաշտպան» իշխանություններին սերտաճած արհմիությունները:
Հայրենակիցներ, սոցիալական արդարության բացակայությունը, հասարակության ընդգծված բեւեռացումը, գործազրկությունն ու օրեցօր խորացող աղքատությունը, իրավական արդարության եւ պաշտպանվածության, ինչպես նաեւ ապագային միտված հավատի բացակայությունը շատերին մղում է բռնել պանդխտության ճանապարհը:
Երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատուն ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունն է: Իշխանական կլանի հանցագործ անտարբերության ներքո օրեցօր ավելացող սոցիալական ու իրավական դժգոհությունների ալիքը սպառնում է վերաճել համազգային անհնազանդության: Հայրենակիցներ, ազատությունն ու իրավունքը եթե չի տրվում, ապա այն վերցնում են: Եվ, ուրեմն, հանուն անկախ Հայաստանի ու նրա ժողովրդի՝ պայքար, պայքար, մինչեւ վերջ»: