Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաշվառումը օգնությո՞ւն է

Փետրվար 24,2011 00:00

\"\"Փետրվարի 22-ին «Սառույցը տեղից շարժվե՞ց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանը տարածաշրջանի վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների տերերին առաջարկում է փետրվարի 21-ին եւ 22-ին փաստաթղթերով՝ անձնագիր, տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր, մաքսային-բեռնային հայտարարագիր, ներկայանալ համայնքապետարաններ՝ մաքսազերծման գործընթացում աջակցություն ստանալու նպատակով: Թե աջակցությունն ինչ դրսեւորում է ունենալու, պաշտոնապես չի ասվել, իսկ ոչ պաշտոնական հարթությունում խոսում են վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը մինչեւ մայիսի 1-ը երկարաձգելու եւ մաքսազերծման դրույքաչափերը որոշ չափով իջեցնելու մասին: Սրանից մեկ օր անց, ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը հայտարարեց, որ մաքսատուրքերը չեն փոփոխվի:
Ներկայումս Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ հարակից գյուղերի համայնքապետարաններում ընթանում է վրացական գրանցումով մեքենաների հաշվառում: Նոյեմբերյանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այդ տվյալները ներկայացնելու են Վանաձոր՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն: Փետրվարի 23-ին, կեսօրից հետո վրացական համարանիշներով մեքենաների 99 վարորդ քաղաքապետարան էր ներկայացել: Սակայն նոյեմբերյանցի վարորդների մի խումբ տեղյակ չլինելով կամ չհավատալով այդ գործի հաջողությանը, քաղաքապետարան չէր գնացել: Օրինակ, նոյեմբերյանցի Սուրիկ Մամյանն ասաց, որ նոր է իմացել այդ մասին: 2000թ. արտադրության նրա «Ժիգուլին» Հայաստանում մաքսազերծելու համար պահանջվում է 1500 դոլարին համարժեք գումար: Մեկ այլ վարորդ ասաց, որ 1998 թվականի իր «Ֆորդի» համար Վրաստանում՝ 700 դոլար, իսկ Հայաստանում 2500 դոլար մաքսատուրք են ուզել:
Վրաստանին սահմանակից Նոյեմբերյանի տարածաշրջանում շատ են վրացական համարանիշներով մեքենաները: Օրինակ՝ Դեղձավան գյուղում գրեթե բոլոր ավտոմեքենաները վրացական համարանիշներով են, իսկ ավելի քան 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում, քաղաքապետարանից ստացված տվյալներով, վրացական համարանիշներով ընդամենը 10 ավտոմեքենա կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել