Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Ոչ աղետի հետեւանքով անօթեւան վանաձորցիները բնակարանամուտ կտոնեն, իսկ քաղաքապետարանում աշխատավարձերը կբարձրանան:

2010 թվականի մայիսի 18-ին «Տնակները կմնան վատ հիշողություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 2009թ.-ից Վանաձորի Տարոն-3 թաղամասում ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի 50 տոկոս, Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի բարեգործական հասարակական կազմակերպության 15 տոկոս համատեղ ֆինանսավորմամբ՝ 3 եւ 4 սենյականոց 33 առանձնատուն է կառուցվել ոչ աղետի հետեւանքով անօթեւանների համար: Այս տարի նույն ծրագրով 1 եւ 2 սենյականոց 15 բնակարան իրենց տերերին կգտնեն գարնանը: Կառուցապատողները պարտավորվել են ծրագրի շրջանակներում եւս 42 տուն կառուցել: Վանաձորի ավագանին էլ որոշել է բյուջեից մաս-մաս 120 միլիոն տրամադրել ՔՇՀ -7 թաղամասի 36 եւ 37 կիսակառույցներն ավարտին հասցնելու եւ 22 տարի շարունակ տնակներում բնակվող առավել կարիքավոր 32 ընտանիքներին տրամադրելու համար: «Այս քայլով 2 հարց ենք լուծում, նախ քաղաքը կազատվի տնակային ավանի ուրվականից եւ տարիներ շարունակ բնակարանի մասին երազած ընտանիքներն իրենց տանիքը կունենան»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ի տարբերություն ԱՌԴԱ -ի նախագծի, երբ բնակարանները հանձնվում են ներքին հարդարման աշխատանքներն ավարտած, լոգարանը, սանհանգույցը եւ խոհանոցը կահավորած, ՔՇՀ-7 թաղամասի բնակարաններում ներքին հարդարման աշխատանքները պետք է անի բնակիչը, որից հետո միայն հնարավորություն ունի սեփականաշնորհելու: Նոր տանտերերը առաջիկա հինգ տարում բնակարանը վաճառելու իրավունք չեն ունենալու:
«Ոչ մի բան չկա, միայն պատերն են: Էս պահին էլ գումար չունեմ, կամաց-կամաց կսարքենք, էլի, կարեւորը տուն ունենք»,- ասում է 22 տարի տնակում ապրած Ռիմա Բաղրամյանը: «Դոմիկը կարկատելու փոխարեն՝ կծախենք, կսարքենք, կսեփականաշնորհենք, մնացածը հետո էլ կանենք»- ավելացնում է Սուսաննա Պետրոսյանը: «Հաշվի առնելով, որ սոցիալապես անապահով խավն է, մենք տնակներն իրենց ենք թողել, որ վաճառեն եւ ներքին հարդարման աշխատանքներն իրականացնեն»,- ասում է համայնքապետ Սամվել Դարբինյանը:
Վանաձորի քաղաքապետարանը հոգում է կոմունիկացիաների հարցը, իսկ բնակիչները ինքնուրույն եւ սեփական միջոցներով պետք է էլեկտրականության եւ գազիֆիկացման հարցը լուծեն:
Վանաձորի նորակառույց Տարոն թաղամասում տարբեր աստիճանի 250 կիսակառույցներ կան: Ուկրաինական պողոտայում էլ կիսակառույցներ կան: 2008-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցին ՀՀ կառավարությունը որոշել էր դրանք էլ ավարտին հասցնել, սակայն ծրագիրն այդպես էլ թղթի վրա մնաց:
Վանաձորի քաղաքապետարանը պարտավորվում է տնակային ավանների ավելի քան 300 ընտանիքներին բնակարանով ապահովելուց հետո լուծել նաեւ քաղաքապետարանի վարձակալած հանրակացարաններում բնակվող 126 եւ այլ վայրերում վարձակալությամբ բնակվող 156 ընտանիքների տան հարցը:
Երեկ Վանաձորի ավագանին հաստատել է Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի 2011 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Բոլորի աշխատվարձն էլ կբարձրանա 10 հազար դրամով: Քաղաքապետը կստանա 270 հազար, փոխքաղաքապետը՝ 210 հազար դրամ աշխատավարձ: Վանաձորի քաղաքապետն ունի երկու խորհրդական եւ հինգ օգնական: Խորհրդականներից յուրաքանչյուրը կստանա 120 հազար, օգնականներից յուրաքանչյուրը՝ 110 հազար դրամ:
Քաղաքապետարանի 13 բաժինների պետերը կստանան 150-ական, իսկ տեղակալները՝ 110 հազարական դրամ: Բաժինների մասնագետները՝ 60-90 հազար դրամ:
Ողջ քաղաքապետարանին աշխատավարձ տալու համար այս տարի տեղական բյուջեից կծախսվի 13,880 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել