Լրահոս
Օրվա լրահոսը

2850 ԱՆԳԱՄ ԴԻՄԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել 22-ամյա անօթեւան, Մոսկվայի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հայկազ Մակարյանը: Նա Աշտարակ քաղաքի բնակիչ է եղել, այժմ որեւէ տեղ գրանցված չէ, տարիներ առաջ կորցրել է մորը, հայրը հրաժարվել է նրան խնամելուց: Արդեն մի քանի ամիս է, ինչ ծագած վեճի պատճառով նրան տնից դուրս են վռնդել տատն ու մորաքույրը: Հ. Մակարյանը բանաստեղծ է՝ «Լիոն» կեղծանվամբ, եւ 20 օրինակով տպագրվել է նրա «Պարոն խելագար. Ընդմիշտ Ջուլիա» արձակ եւ չափածո բանաստեղծությունների գրքույկը: Ինչպես Հայկազն է ներկայացնում, մոր մահից հետո ուսման վարձը հոգացել են ամերիկահայ բարերարները, իսկ Երեւանի սրճարաններում աշխատանքի տեղավորել է դերասան Հովհաննես Ազոյանը, թեեւ որպես բարմեն-մատուցող աշխատել է ընդամենը 15 օր: Նրան երբեմն հացով ու սննդով աջակցում է երգչուհի Սուսաննա Սաֆարյանը: «Այս տարիների ընթացքում աշխատանքի անցնելու համար 2850 «ռեզյումե» եմ հանձնել տարբեր աշխատատեղերի համար. բոլորն էլ մերժել են»,- ասում է Հայկազը: Հ. Մակարյանն այժմ ապրում է Արշակունյաց փողոցում գտնվող գերմանական «VKS ARMENIA» կարի արտադրամասի տնօրինության կողմից հատկացված սենյակում: Այստեղ երիտասարդ անօթեւանին օգնել է «Սերնդապահ» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Ցոգոլակյանը: Փետրվարի 22-ին այցելեցի նրա կացարան, զրուցեցի կարի արտադրամասի ղեկավարի հետ, որը չցանկացավ անգամ ներկայանալ: Հետո ճշտեցինք, որ նա սփյուռքահայ գործարար, հայազգի Հաջի Գելեջին է, որին աշխատողները պարոն Քրիստիան էին ասում: Վերջինս հայտնեց, որ արդեն 3 շաբաթ է, ինչ իր հարկի տակ հարմարավետ օթեւան է տվել Հայկազին, սկզբնական շրջանում գումարով է օգնել, տեղավորել աշխատանքի, բայց վերջինս չի գնահատում իր արածները, նոր մասնագիտություն չի ուզում սովորել, «կռիվ է սարքել հիմնարկի աշխատողների հետ», որի արդյունքում մի քանիսն արդեն ազատվել են իրենց աշխատանքից: Ըստ Հ. Գելեջու, քանի որ երիտասարդը աշխատելու ընդունակ չէ, այլ միայն խնդիրներ է ստեղծում իր շուրջը, մինչեւ ամառ ժամանակ է տվել՝ նոր օթեւան ու աշխատատեղ գտնելու համար: «Ինձ ասում է՝ ես ուզում եմ մենեջեր լինեմ այստեղ: Այս ընկերությունում մենեջերի պաշտոնը իմն է, ես չեմ կարող նրան տալ իմ աշխատանքը: Ինչ աշխատանք տալիս ենք, ասում է՝ գլուխ չեմ հանում, ձրի է ուզում ապրի: Այդպես չի լինում: Նրան ներում չկա, նա օգտագործել է իր երկու շանսը, երրորդը էլ չի լինի: Ես որեւէ պարտավորություն չունեմ նրա նկատմամբ: Ահա այն սենյակը, որը հատկացրել ենք նրան: Հյուրանոցներում մի գիշերը 20 հազար դրամ արժի»,- ասաց Հ. Գելեջին: Վերջինիս ասածները հաստատեց նաեւ որդին՝ Ջան-Սասունը՝ հավելելով, որ Հայկազը օգտագործում ու չարաշահում է իրենց բարյացակամությունը:
«Առավոտի» եւ Հաջի Գելեջիի զրույցի ժամանակ սենյակ մտավ Հ. Մակարյանը: Մեր ներկայությամբ տեղի ունեցավ նրանց միջեւ լեզվակռիվ, երկուստեք հիշեցրին, թե այս ողջ ընթացքում իրար ինչ են ասել (էթիկայի կանոնները հարգելով չենք հրապարակում-Գ.Մ.): Հաջի Գելեջին սպառնաց. «Եթե մի այլ լրագրող էլ ես բերել այստեղ, դուրս եմ շպրտելու քեզ այստեղից, ա՛յ շառլատան, խաբեբա»: Հայկազը շնորհակալություն հայտնեց, որ իրեն կացություն է տվել, բայց անարդարացի համարեց իրեն չհասկանալու ու անմեղ տեղը վիրավորելու համար: Ավելի ուշ Հայկազը մեզ ասաց, որ իրենից ցանկանում են ազատվել, քանի որ «չեն հասկանում մարդու իր տեսակը»: Ըստ նրա պատմածի՝ այս օրերի ընթացքում տարած սթրեսների պատճառով մի քանի օր առաջ քթից երկար ժամանակ արյուն է եկել, ստիպված են եղել շտապօգնություն կանչել, օգնել են կարի արտադրամասի կին աշխատակիցները: «Ես չեմ կարող անել այն աշխատանքները, ինչը նրանք են անում, վատանում եմ կարի մեքենաների ձայներից, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ: Այն, որ պարոն Քրիստիանն ասում է, թե ես խաբել եմ իրեն, թե ուսման համար անհրաժեշտ է 700 հազար, ուղղակի նա ինձ ճիշտ չի հասկացել: 700 հազար դրամ ԱՄՆ-ից վճարել է բարերար Գագիկ Թամրազյանը, իսկ այս պահի դրությամբ պարտք եմ ընդամենը մոտ 400 հազար դրամ: Ես կռիվ չեմ սարքել աշխատողների հետ, ինձ ներքաշել են բազառների մեջ ու վիրավորել»,- փորձում էր ստեղծված իրավիճակը ներկայացնել Հայկազը: Ըստ Հայկազի, իրեն Հաջի Գելեջու դեմ լարում է հատկապես նրա աները՝ Սողոմոնը, եւ մյուս աշխատակիցները՝ Արթուրը, Ամրամը եւ այլք, որոնք չեն ցանկանում, որ գործարարը օգնի իրեն:
«Առավոտը» այցելեց նաեւ կարի արտադրամասի ձեւավորման բաժին: Այնտեղ աշխատող կանայք Հայկազի վարքի մասին դրական արտահայտվեցին: «Խելոք, որբ երեխա է, գոնե էս վիճակում օգնեն՝ դուրս են շպրտում ու ավելի սրում իրավիճակը: Էսքան ժամանակ էս էրեխուց վատ բան չենք տեսել»,- ասաց նրանցից մեկը: Այդ պահին ներս մտավ Քրիստիանի աները՝ Սողոմոնը, եւ հոխորտաց աշխատողների ու Հայկազի վրա՝ ասելով՝ «Էս տղեն շառ ա մեր գլխին»: Այս դրվագում դրականն այն էր, որ Սողոմոնի ներկայությամբ էլ աշխատակիցները հաստատեցին իրենց դրական կարծիքը տղայի վերաբերյալ: Հ. Մակարյանը խնդրում է գնահատել իրեն ու աշխատանքով ապահովել: Ըստ նրա, կյանքում շատ բան է կորցրել՝ մորը ու սիրած աղջկան՝ Ջուլիային, որին, ըստ նրա, «հայրը փախցրել ու տարել է Ղարաբաղ: Նա միակն է եղել, որ այս անգութ աշխարհում սիրել է ինձ եւ անվանել է ինձ 21-րդ դարի Դոն-Կիխոտ: Գիրքս կոչեցի «Պարոն խելագար», քանի որ բոլորն ինձ խելագար են համարում, սակայն գիտակցող մարդը կհասկանա, որ ես ոչ թե շառլատան ու խաբեբա եմ, այլ անարդարության ու ցինիզմի դեմ պայքարող ջահակիր ասպետ»,- ասում է Հայկազը: Թե ինչ կլինի երիտասարդ անօթեւան ուսանողի հետ «Առավոտի» անդրադարձից հետո, ժամանակը ցույց կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել