Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ՝ ԴՌՆԵԴՈՒՌ

Փետրվար 24,2011 00:00

Մինչ կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի ու կհաստատի, թե ինչ փոփոխություններ են լինելու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում եւ ինչ նպատակով, նպաստառուներն արդեն մի քանի ամիս է՝ ստիպված են լինում տարբեր գերատեսչություններից փաստաթղթեր հավաքել այն մասին, թե որտեղ են բնակվում, քանի հոգով, հողատարածք, տնային կենդանիներ ունեն, թե ոչ: Չնայած դեռ այս օրենքը չի գործում, սակայն սոցիալական ծառայությունները փաստաթղթերի հավաքագրման «ակցիան» սկսել են դեռեւս այս տարվա հունվարից: Այս նպատակով անգամ ոստիկանության անձնագրային բաժանմունքները 3 շաբաթ շարունակ հանգստյան օրերին էլ աշխատել են, որպեզի նպաստ ստացող քաղաքացիներին հասցնեին բնակության վայրից տեղեկանքները ժամանակին տրամադրել եւ նրանց գրանցման հարցերով զբաղվել:
Նշենք, որ մեր հանրապետությունում նպաստ են ստանում սոցիալապես անապահովները, բազմազավակները, զոհվածների հարազատները, հաշմանդամները եւ ժամանակավորապես անաշխատունակները, որոնցից շատերի համար այդ նպաստը կենսական անհրաժեշտություն է:
Այսօրինակ փոփոխություններից հետո նպաստառուն տարբեր գերատեսչություններ հասնելու համար էլ գումարներ պետք է ծախսի: Բացի այդ, այս մարդիկ ստիպված են գրանցվել կամ հաշվառվել այնտեղ, որտեղ տվյալ պահին ապրում են: Ինչն էլ մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել նպաստառուների շրջանում: «Առավոտի» խմբագրություն դիմած զոհված ազատամարտիկներից մեկի ընտանիքի անդամների խոսքերով. «Ընդամենը 13 հազար դրամ են տալիս, ինչ ամոթ է, չէ՞, եւ դրա դիմաց ասում են, որ ներկայացնենք բազմաթիվ փաստաթղթեր, վազվզենք: Մարդկանց արժանապատվության մասին չեն մտածում: Եթե զոհված տղաներն իմանային, որ իրենց ընտանիքները պետք է նման ամոթալի իրավիճակում հայտնվեին, թույլ չէին տա այդ գումարը վերցնեինք»: Այս փոփոխություններից դժգոհում են նաեւ ժամանակավորապես անաշխատունակները, որոնք խնամում են իրենց երեխաներին. «Ստանում ենք ամսական 18 հազար դրամ, որն անգամ երեխայի տակդիրներին չի հերիքում, բայց դրա համար մեզ ստիպում են, որ գրանցվենք այնտեղ, որտեղ բնակվում ենք: Ախր, մեր մենտալիտետն էլ պետք է հաշվի առնեին, շատ հայկական ընտանիքներում «սովորություն» է հարսին սկեսուրի տանը չգրանցել, որպեսզի ժառանգության հարցեր չծագեն: Հիմա մենք ի՞նչ անենք»:
Նկատենք, որ օրենքի այս փոփոխությունները նպատակ ունեն այս ոլորտում նվազեցնել կոռուպցիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել