Թե՞ փորձում են հեռուստաընկերությանն անընդհատ պահել «սթրեսի» մեջ
Օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը կայացրեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկելու հերթական վճիռը: Այսինքն՝ դատարանը պարտավորեցրեց «ԳԱԼԱ»-ին՝ մեկ ամսվա ընթացքում իր սարքավորումներից ազատել Գյումրիի քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակը: Սա պարզապես զավեշտալի էր, քանի որ դատարանին ներկայացված փաստերը խոսում էին հօգուտ հեռուստաընկերության: Բանն այն է, որ նույն դատարանի կողմից նշանակված դատատեխնիկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ 33-րդ կապուղին շահագործելու համար «ԳԱԼԱ»-ն այլընտրանքային հեռարձակման վայր չունի եւ որ վերջինիս եթերն ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել նմանատիպ հեռուստաաշտարակ: 2 տարի շարունակ այս փաստը քննելով, դատավորն այնուամենայնիվ որոշեց բավարարել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պահանջը: Հիշեցնենք, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը հալածելու խաղի մեջ ներքաշեցին 2007 թ. նոյեմբերին՝ նրան հարկադրելով անհապաղ սեփականաշնորհել տիրազուրկ հեռուստաաշտարակը ու ստիպել «անհնազանդ» հեռուստաընկերությանը ազատել այն: Նշենք նաեւ, որ Գյումրիի քաղաքապետարան-«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն՝ հեռուստաաշտարակի շուրջ վիճաբանությունը 2008թ.-ին արդեն իսկ անցել էր դատական բոլոր ատյաններով. բանը հասել էր նրան, որ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ գործը նորից քննության ուղարկելով նույն դատարան:
Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Շ. Հակոբյանի կայացրած վճիռը եւ արդյոք սրանով չե՞ն փորձում հեռուստաընկերությանը լարել Գյումրիի քաղաքապետի դեմ, «ԳԱԼԱ»-ին էլ սթրեսի մեջ պահել, հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Շիրակ Հակոբյանի պես հազար դատավոր էլ լինի, միեւնույն է՝ «ԳԱԼԱ»-ն երբեք չի փակվելու: Օրերս Հակոբյանի վճիռը կբողոքարկենք վերաքննիչ դատարանում: Կարծում եմ, որ վերաքննիչը կորոշի մեր օգտին, այնպես, ինչպես եղավ նախկինում՝ 2008 թ.-ին: Ճիշտ է, այն ժամանակ միայն Վճռաբեկը որոշեց մեր օգտին, բայց այս անգամ գործը վերաքննիչով կավարտվի. բոլոր փաստերը մեր օգտին են: Միանշանակ դատավորին հրահանգ էր իջեցված, եթե դուք տեսնեիք դատավորի դեմքը, ձայնը, թե ինչպես էր կարդում վճիռը, կհամոզվեիք, որ հրահանգ է տրված, բայց մեզ համար սա քնած գործ էր, թե ինչո՞ւ որոշեցին նորից աշխուժացնել, չգիտեմ»:
Նկատենք, որ «ԳԱԼԱ»-ն իրավունք ունի եթերում մնալ մինչեւ 2015թ.-ն: Ըստ Վ. Խաչատրյանի, ՀՀ իշխանությունները երբեք տրամաբանությամբ չեն առաջնորդվել եւ որոշումներ են կայացնում պահի թելադրանքով. «Միգուցե անցած անգամ պետք էր «ԳԱԼԱ»-ին արդարացնել, արդարացրին, այս անգամ էլ անհրաժեշտ էր հակառակը անել՝ արեցին»: Հետաքրքիրն այն է, որ «ԳԱԼԱ»-ի սեփականատերը այլեւս չի նեղվում դատական քաշքշուկներից, լուրջ չի ընդունում իր հեռուստաընկերության հանդեպ կայացրած ցանկացած որոշում՝ դա կլինի ՀՌԱՀ-ի, թե որեւէ դատարանի կողմից: Նա առավել քան համոզված է, որ եթե գործը հասնի հեռուստաաշտարակից իր սարքավորումները ապամոնտաժելուն, ապա այն ի կատար չի ածվի: Ըստ նրա, նախորդ անգամ էլ նույն սցենարը փորձարկվեց, սակայն՝ ապարդյուն, երբ հերթը հասավ ԴԱՀԿ-ի գործողություններին, դատարանի որոշումն անմիջապես բեկանվեց Վճռաբեկի կողմից. «Միգուցե մեր դատարաններն են պարապ, պիտի բեկանեն ու նորից նոր որոշումներ կայացնեն, միգուցե հանցագործություններն են քիչ, բայց դատավորներին հացից չզրկելու խնդիր կա, հետեւաբար եւ նույն գործն անընդհատ ֆռռացնում են»: