Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻԼԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԿԴՆԵՆ ԱՄԵՆ ԳՆՈ՞Վ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Արգելավայրի շուրջ բնապահպանության եզրակացությունը գաղտնի են պահում

Մոտ 1 տարի է՝ բնապահպանական կազմակերպությունների եւ բնապահպանության նախարարության միջեւ ակտիվ պայքար է գնում: Բնապահպանները փորձում են խոչընդոտել Խոսրովի անտառում գտնվող Գիլանի արգելավայրում հյուրանոցային համալիրի կառուցումը, նախարարությունն էլ ամեն գնով «սեւ գործը» առաջ է տանում՝ պատճառաբանելով, որ կառավարության որոշմամբ Գիլանն արդեն 3 տարի է՝ արգելոց չէ, այլ՝ արգելավայր, որտեղ օրենքը թույլ է տալիս շինարարություն իրականացնել: Մինչ օրս երկուստեք ծագած պայքարը ոչ մի վերջնական արդյունք չի տվել: Բնապահպանները համոզված են, որ Գիլանում հյուրանոցային համալիրի առկայությունը վնասելու է կենսաբազմազանությունն ու շրջակա միջավայրին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, անդրադառնալով բնապահպանների համար ցավոտ այս խնդրին, վստահեցրեց, որ իրականում այդ հատվածում շինարարություն է նախաձեռնել թեւութիկունք ունեցող մի բարձրաստիճան պաշտոնյա, որն էլ ամեն գնով իր գործերն առաջ է տանում: Ու թերեւս հենց դա էլ եղել է պատճառը, որ դեռեւս 2007թ.-ին այդ որոշումը գաղտնի է ընդունվել. «Կառավարությունը որոշել է Խոսրովի անտառ պետական արգելոցից Գիլան պետական արգելավայր ստեղծել, ինչի համար 118 հեկտար տարածք արգելոցից անջատել են: Հենց այդ պաշտոնյայի համար էլ կառավարությունը գնացել է այդ քայլին: Գաղտնի արեցին, որպեսզի աղմուկ չբարձրանա եւ խանգարող հանգամանքներ չլինեն: Նման կերպ գործելով, մեր կառավարությունը խախտել է մի շարք օրենքներ եւ միջազգային կոնվենցիաներ»:
2007 թ.-ին արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով 60 տարի վարձակալությամբ տրվել են «Հովազաձոր» ընկերությանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը բնապահպանների աղմուկից հետո հանձնաժողով ստեղծվեց, որտեղ ներգրավվել էին եւ հասարակական կազմակերպության անդամներ, եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր իրավիճակը, քննարկեր ու որոշում կայացներ՝ թույլատրել շինարարությունը շարունակել, թե՝ ոչ: Մինչ վերջնական որոշում կայացնելը, շինարարությունը սառեցվել էր: Սակայն բնապահպանները մտավախություն ունեն, որ այն ժամանակավորապես է սառեցված, ուստի պահանջում են արգելավայրին տալ նախկին կարգավիճակը՝ այն կրկին դարձնելով արգելոց, որպեսզի առհասարակ այդտեղ արգելվի որեւէ գործողություն կատարել: Կ. Դանիելյանի խոսքերով՝ «Քննարկումների ժամանակ բացատրություն են տվել՝ իբր այդտեղ բնակավայր է, մարդիկ են ապրում, բայց դեռեւս խորհրդային տարիներին գյուղը այլ տեղ է վերաբնակեցվել: Այդ վայրում բնական էկոհամակարգը արդեն վերականգնվում է բնական հունով: Այլեւս շենքեր ու տներ չկան: Այսինքն՝ այն, որ պատճառաբանում են, թե բնակավայր է եղել եւ չի համապատասխանում արգելոցի կարգավիճակին, սուտ է: Չի կարելի արգելոցի սրտում հյուրանոց կառուցել»: Ըստ Կ. Դանիելյանի, միջազգային կոնվենցիաների խախտման համար, արդեն Օրհուսի վերահսկողության կոմիտեն մեր կառավարության վրա 2 անգամ «մատ է թափ» տվել՝ Դալմայի այգիների եւ Թեղուտի անտառի հետ կապված: Սակայն տիկին Դանիելյանը վստահեցնում է, որ Թեղուտի գործն ավելի մեղմ է՝ համեմատած Գիլանի հետ: Թե կառավարությունը վերջնական ինչ որոշում է կայացրել Գիլանի խնդրի շուրջ, մենք փորձեցինք ճշտել բնապահպանության նախարարությունից: Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ոչ մի վատ բան չի տեսնում, որ արգելոցը դարձել է արգելավայր ու այդտեղ հանգստյան գոտի են կառուցում: Նրա խոսքերով՝ «Տուրիզմի համար հանգրվանատեղի է լինելու: Տուրիստները, որ գնում են, գալիս են՝ մտնեն մի բաժակ սուրճ խմեն-հանգստանան: Հյուրանոցային համալիր չի լինելու: Մեզ համար ավելի կարեւոր հարց կա՝ հենց Գիլանի կողքը կա Վերին Գիլան, որտեղ մոտ 20 տնտեսություն կա: «Ժիվոյ» մարդիկ են ապրում, իրենց կովով, ոչխարով: Գալիս են՝ արգելոցի մեջ արածեցնում են: Մեզ էլ դա է անհանգստացնում»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, Գիլանի նախկին կարգավիճակը կվերականգնվի՞, պարոն Աղասյանն ասաց. «Դա նախարարության խնդիրը չէ: Այսօր նախարարությունը ունի խնդիր՝ էդ ամբողջ արգելոցում, որ զիբիլ, շենք -շինություններ կան, դրանք պիտի վերացվի: Դրանից հետո էդ հարցին կանդրադառնանք: Ասում ենք՝ ո՞րն է ավելի գեղեցիկ, մի հատ սիրուն «վիզիտոր» կենտրո՞ն ունենանք, թե՝ թուրքի քանդած հին տները»: Որքան փորձեցինք պարոն Աղասյանից եւ նախարարության այլ պաշտոնյաներից խնդրի վերաբերյալ վերջնական պատասխան ստանալ, այդպես էլ չհաջողվեց: Մե՛կ պատասխանում էին, որ արդեն եզրակացություն կա քննարկումների վերաբերյալ, մե՛կ էլ մտափոխվեցին ու պատասխանեցին, որ դեռեւս վերջնական որոշում չկա: Այսինքն, չի բացառվում, որ այս անգամ էլ նախարարությունը որոշում կկայացնի հօգուտ այն բարձրաստիճան պաշտոնյայի, որը որոշել է ամեն գնով արգելոցում բիզնես ծավալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել