Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Fortune Oil ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Fortune Oil–ի ներկայացուցիչները վարչապետին հաղորդել են, որ պատրաստվում են Հայաստանում շուրջ 500 մլն դոլարի ներդրում կատարել՝ երկու փուլով:
Դեռեւս այս տարվա սկզբին Fortune Oil-ը տեղեկություններ տարածեց այն մասին, որ գնել է Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթի հանքերը: Այս տեղեկությունը երկար ժամանակ ոչ հաստատել, ոչ էլ հերքել չէր հաջողվում: Խնդիրն այն է, որ երկաթահանքերի շահագործման իրավունքները պատկանում են 2 տարբեր ընկերությունների՝ «Նագին» (Հրազդան) եւ «Սփայս Սթիլ Արմենիա» (Սվարանց ու Աբովյան): «Նագին» ընկերությունն, իր հերթին, ինչպես հաղորդում է news.am-ը, փոխկապված է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ: Fortune Oil-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Fortune Oil –ը գնել է Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35%-ը: «Նագինը», ըստ այդ տեղեկատվության, Caspian Bounty Steel Limited-ի դուստր ընկերությունն է, իսկ վերջինս էլ, իր հերթին՝ դուստր է հենց Bounty Resources Armenia Limited-ին: «Նագինին» են պատկանում բոլոր 3 երկաթահանքերի շահագործման լիցենզիաները: Նրանց հաղորդագրության մեջ «Սփայս Սթիլ Արմենիա»-ի մասին ոչինչ ասված չէ: Bounty Resources Armenia Limited-ի մասին Հայաստանում քիչ բան գիտեն: Միայն վերջերս պարզվեց, որ այն նույնպես պատկանում է Վարդան Այվազյանին: Պատահական չէ, որ սույն անձնավորությունը եւս ներկա էր վարչապետի եւ չինական ընկերության միջեւ հանդիպմանը: Այսպիսով՝ news.am-ը վստահեցնում է, որ հայ-չինական «երկաթյա» գործարքի ետեւում կանգնած է հենց Վ. Այվազյանը: