Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

30-ի հարցը լուծեցին, մնացին հարյուրավորները

Փետրվար 24,2011 00:00

Երեւանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ երեկ քաղաքապետարան են հրավիրվել մայրաքաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում բնակվող շուրջ մեկ տասնյակ բնակիչներ՝ ստանալու իրենց հողամասերի նկատմամբ իրավունքի ձեւակերպման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումները։ Դեռեւս 1990-ական թվականներին Երեւան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերի եւ նախկին Հաղթանակ գյուղի տարածքում հողատարածքներ են հատկացվել մոտ 1300 ընտանիքների: Անցած ժամանակահատվածում ՀՀ կառավարության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վերը նշված տարածքների քաղաքացիներից ընդունել է դիմումներ եւ կատարել պետական գրանցումներ: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցի լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:
Հարցի կանոնակարգման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտ են Երեւանի քաղաքապետի որոշումը եւ հողամասերի գլխավոր հատակագիծը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ փետրվարի 7-ից վերսկսվել է գործընթացը եւ հարցի հետ առնչություն ունեցող քաղաքացիներին իրազեկվել այդ մասին:
Երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարան է դիմել մոտ 30 ընտանիք։ «Մնացյալ 20 ընտանիքների խնդրի լուծումը նույնպես ներկայում ընթացքի մեջ է։ Առավելագույն արագ պետք է ավարտենք գործընթացը: Խնդիրն այն է, որ բոլոր բնակիչները չեն դիմել. սպասում ենք դիմումները լինեն, որ արձագանքենք ըստ դիմումների»,- նշել է փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը, ասելով, որ գործընթացը շարունակական է, եւ վստահեցրել, որ քաղաքապետարանն անում է հնարավորը բնակչության կողմից ստացված դիմումներին արագ եւ հիմնավոր պատասխանելու ուղղությամբ։ Դիմումների մերժման դեպքում քաղաքացիներին ներկայացվում է մերժման պատճառը՝ համակողմանի հիմնավորված եւ պարզաբանված պատասխանով:
Հանձնաժողովի տվյալներով՝ լուծման կարիք ունի մի քանի հարյուր ընտանիքների խնդիր։
Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին եւ համապատասխան առաջարկություն կներկայացնի 3 ամսվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել