Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը գողերի եւ խարդախների մենաշնորհը չէ

Փետրվար 24,2011 00:00

Այս համոզմունքն ունեն արդեն հարյուրի հասնող ընտանիքներ, նորաստեղծ, հայրենիքում իրենց ապագան, իրենց երեխաներին մեծացնել ցանկացող ծնողներ, ովքեր սոցիալական դժվարությունները հաղթահարում են արժանապատվորեն, հասկանում, որ երկրում տիրող ճգնաժամային վիճակը հաղթահարելի է, գումար տնտեսում, հավատում նորաստեղծ ու նորակառույց շինարարություն իրականացնողներին եւ փորձում իր հողի վրա իր բույնը հյուսել: Բայց հայի համար իր հայրենիքում պաշտպանություն չկա. ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարն այլեւս մեզանում մենաշնորհ է, մենաշնորհ է խարդախի, բացահայտ խաբեբայի եւ երեսպաշտի համար:
Այս համոզմունքն ունեն Երեւանում նորակառույց շենքերի շինարարություն իրականացնող «ՆՈՐԱՇԵՆ 007» ընկերության կողմից (ի դեմս ընկերության ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի եւ Լյովա Սամվելյանի) Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 հասցեում կառուցվող շենքի բնակիչները: Արդեն քանի ամիս պայմանագիր կնքած, իրենց բնակարանի համար պարբերաբար բարեխղճորեն վճարող բնակիչները հուսահատության մեջ են: Բավական չէ, որ շենքի կառուցման պայմանագրով ամրագրված ժամկետը վաղուց անցել է, իսկ բնակիչները դեռ չունեն իրենց սեփականաշնորհման վկայականները, նրանք պարբերաբար այցելելով իրենց ակնկալած բնակարանները՝ պարզում են, որ Լյովա Սամվելյանը նշված հասցեում կառուցվող շենքի բնակարանները պարբերաբար վաճառում է իր հայեցողությամբ տարբեր մարդկանց՝ հաշվի չառնելով, որ բնակարանը վաղուց պայմանագրով վաճառված է, եւ դրա համար արդեն գնորդը բավականաչափ գումար է վճարել իրեն: Ավելին, այս մասին նա տեղյակ չի պահում բնակչին, չի առաջարկում վերադարձնել նրա գումարը: Իսկ խաբված բնակիչները շենքի տիրույթներում գտնում են իրար, պարզում, որ մի տունը վաճառված է մի քանի հոգու վրա: Մոլորված բնակիչները բախում են պաշտոնական դռներ, դատական ատյաններ, բայց հարցերի խառնաշփոթ լուծումը չի երեւում: Ի՞նչ անի հայը, իր հայրենիքում բնակարան ունենալ ցանկացող մարդը, որին չի պաշտպանում ոչ բողոքը, ոչ հայցը, ոչ էլ իր երկրի կառավարությունը: Մտածում ես արդեն՝ այս կառավարությունը ողբո՞ւմ է Հայաստանի հայաթափման համար, թե՞ ուրախանում, որ իր երկրում կան այսպիսի Լյովա Սամվելյաններ, ստոր, բարոյական սկզբունքներից զուրկ, մարդկային խիղճն ու օրենքը ոտնահարող անպատիժներ, որոնց համար ՀԱՅԱՍՏԱՆԸ հայրենիք է, իր կամայականությունները հանդուրժելու եւ հրահրելու ասպարեզ: Բայց մենք եւ մեզ նման հարյուրավոր տուժածներ, կրթված հայրենասիրական նորմերով, այս երկրի վաղվա օրվա համար ցավող քաղաքացիներ, աղաղակում ենք ի լուր մեր նախագահի, ի լուր մեր կառավարության եւ վարչապետի. մենք ՀԱՅ ենք, Հայաստանի քաղաքացի եւ չենք ուզում հազարավոր խռով հայերի նման փախչել մեր հայրենիքից՝ թողնելով այն գողերի ու սրիկաների: Չենք ուզում, որ մեր երեխաները մեծանան օտարության մեջ: Ուստի օրենքը թող ոչ թե անզորի գլխին կախված սուր լինի, այլ օրենքը մեր երկրում թող խեղճին ու խաբվածներին ապավեն լինի: Հենց այս հավատով էլ «ՆՈՐԱՇԵՆ 007» Ս/կ-ի խաբված բնակիչները դիմում են մեր երկրի նախագահին, պաշտոնական այրերին՝ խնդրելով ականջալուր լինել եւ օգնել բազմաթիվ ծայրահեղ հուսահատ վիճակում հայտնված ընտանիքների, որոնց համար հակառակ դեպքում այլ ելք չի լինի, քան լքել հայրենիքը եւ բնակարան ունենալու հույս փնտրել այլ երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել