Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ 2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ Է

Փետրվար 24,2011 00:00

\"\"Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ գնաճի միտումները դեռ կպահպանվեն

«Հայաստանը ճգնաժամի երկրորդ փուլում է»,- վստահեցնում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հիշեցնելով, որ դեռ անցյալ տարի էր ինքը մի խումբ ոգեւորված պաշտոնյաների (խոսքը էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի մասին է) հորդորում չշտապել վաղաժամ հայտարարություններ անել, թե Հայաստանն արդեն դուրս է եկել ճգնաժամից: «Ճգնաժամի 2-րդ ալիքը դեռ չի անցել ու գնաճի տեսքով շատ լուրջ խնդիր է առաջացրել»,- վստահ է տնտեսագետը: Գնաճին նպաստող գործոններին անդրադառնալով, նա առանձնացրեց մի քանիսը. «Հարկային բեռը հավասարաչափ բաշխված չէ տնտեսվարողների վրա, առաջացել է ստվերային տնտեսություն, ինչի արդյունքում հարկերը ծանրանում են փոքրաթիվ տնտեսվարողների ուսերին: Այս երեւույթն էլ իր հերթին անդրադառնում է ապրանքատեսակների գների վրա»: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, գնաճի միտումները հանրապետությունում կշարունակվեն՝ հակառակ այն զսպելու բոլոր փորձերին: Պարոն Մանասերյանը մեթոդաբանական լուրջ խնդիրներ է տեսնում գնաճի հաշվարկման գործընթացում. «Սպառումը ներկայացված չէ, ըստ սպառողների խմբերի, թե որ խումբը ինչ ապրանք է սպառում ու ինչ տատանումներ կան: Ազգային վիճակագրական ծառայությունը անհասկանալի պատճառներով ուսումնասիրություն է անում 10 մարզերից ընտրված մի քանի քաղաքում, որոնք իրական պատկերը չեն կարող ցույց տալ, ինչո՞ւ այդ մարզերից գյուղեր չեն ընտրված, որոնք ավելի վատթար վիճակում են գնողունակության, սպառման եւ մնացած բոլոր առումներով»: Ապրանքատեսակների գնաճն ուսումնասիրելով, պարոն Մանասերյանն էլի շատ անհասկանալի հակասություններ է արձանագրել. «2010-ին, ԱՎԾ-ի տվյալներով, ոչ ոգելից խմիչքն աճել է 0%-ով, ձկնամթերքի էլ գնանկում է տեղի ունեցել: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ կարտոֆիլի գները աճել են 1000%-ով, հնդկացորենինը՝ 300%-ով, խնձորինը՝ 500%-ով, սոխինը՝ 100%-ով, պանրինը՝ 50-55%-ով, ձվինը՝ 700%-ով (օգոստոս-դեկտեմբեր), մսամթերքի գները՝ 20%-ով»: Թե ինչու է գնաճն այդքան ցավոտ հայ սպառողների համար, տնտեսագետը բացատրեց. «Աղքատության շեմին գտնվող խավը եկամտի 70%-ը սննդի վրա է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20% են կազմում: Հայաստանում կան մարդիկ, որ պարտքով են հաց գնում: Մեզ մոտ գնաճի հետեւանքներն ահռելի են, որովհետեւ եթե զարգացած երկրներում գյուղատնտեսական արտադրության սուբսիդավորմամբ կարողանում են արհեստականորեն իջեցնել գները, Հայաստանում չեն կարողանում: Ինչքան քիչ է սուբսիդավորումը, այնքան քիչ է գյուղմթերքը, բնականաբար, քիչ մթերքի դեպքում էլ՝ գներն են բարձրանում: Մյուս կողմից էլ հաշվի առնենք, որ 2003-2010թթ. մոտ 50.000 հա կրճատվել են աշնանացան ցորենի ցանքերը, մոտ 10.000 հա պակասեցին կարտոֆիլի ցանքատարածությունները»: Գնաճի արտաքին գործոններին անդրադառնալով, տնտեսագետը նշեց, որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանը 4 անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, հետեւաբար. «Մենք ընդունում ենք դրսից թելադրվող խաղի կանոնները: Չնայած միշտ չէ, որ համաշխարհային շուկայում գների անկումը բերում է նաեւ գնանկում մեր տեղական շուկայում: Մեզ մոտ այդ ալիքը կամ շատ ուշ է հասնում, կամ էլ ընդհանրապես չի հասնում»: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը՝ որպես ներմուծումից կախյալ երկիր, չի կարողանա խուսափել միջազգային գների ազդեցությունից. «Այս տարի աշխարհի բնակչությունը կհատի 7 միլիարդի շեմը: Ապրանքատեսակների պահանջարկը կմեծանա, գներն էլ՝ կավելանան: Ինչ խոսք, երբեմն խոշոր արտադրողները արհեստական դեֆիցիտ են ստեղծում: Մեր օրերում դժվար չէ համաձայնության գալ ու առիթից օգտվել: Սա լավ առիթ է խոշոր արտադրողների համար»: Պարոն Մանասերյանը մշակել ու առաջիկայում կառավարության ուշադրությանը կներկայացնի Հայաստանում գնաճը մեղմելու իր առաջարկները: Ի դեպ, Թաթուլ Մանասերյանը, իր դիմումի համաձայն, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարվել է: Իր որոշումը նա պայմանավորում է գիտական աշխատանքին անցնելու ցանկությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել