Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԵՍ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ

Փետրվար 24,2011 00:00

Իշխանության թեկնածուն ՀՀ ՄԻ պաշտպանի պաշտոնում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքի հեղինակն է

Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Հայաստանի իշխանական կոալիցիան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ որպես իր թեկնածու, առաջադրել է «Դիֆենս» ընկերության իրավաբան, մինչեւ վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանին:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի հենց առաջին կետում շեշտված է, որ Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» յուրաքանչյուր ոք: Թե որքանո՞վ է Կ. Անդրեասյանն ընդհանրապես ճանաչված հասարակության կողմից եւ, առավել եւս, որքանո՞վ է բարձր նրա հեղինակությունը հասարակության ներսում՝ մեծ հարցական է: Նկատենք միայն, որ Կ. Անդրեասյանը բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի ընկերը լինելուց, մեր հանրությանը քիչ թե շատ կարող է հայտնի լինել նրանով, որ 2009-ի մարտին առաջարկեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հայտնի՝ մամուլի գործունեությունը սահմանափակելն էապես հեշտացնող օրենսդրական փոփոխությունները, որոնք այսօր արդեն գործնականում կիրառվում են ընդդիմադիր կամ անկախ մամուլի նկատմամբ՝ դատական ակտերով նրանց ֆինանսական խոշոր տուգանքների ենթարկելու՝ դրանով իսկ ֆինանսապես թուլացնելու նպատակով: Կ. Անդրեասյանին էր վստահված նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը:
Այդուհանդերձ, «Առավոտը» փորձեց պարզել նաեւ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքը իրավապաշտպանության հետ երբեւէ առնչություն չունեցած Կ. Անդրեասյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Դրական որեւէ արձագանք չստացվեց, ավելին՝ մեր իրավապաշտպանները նրան չէին էլ ճանաչում: «Ես ուղղակի չեմ ճանաչում այդ անձնավորությանը, դրա համար ավելի ճիշտ է, որ խոսեմ այն թերությունների մասին, որոնք գոյություն ունեն այդ դաշտում»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ ՄԻ պաշտպանի մասին օրենքում նախատեսված չէ որեւէ մեխանիզմ, որով հասարակության կարծիքը հաշվի կառնվի: «Դրա համար ստացվում է, որ իշխանությունը, որն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունի, ուղղակի առաջարկում եւ ընտրում կամ նշանակում է իր չափանիշներին համապատասխանող եւ իր նախընտրած անձին»,- ասաց ՀՀ առաջին Պաշտպանը՝ հավելելով, որ դա միայն վնասելու է ՄԻ պաշտպանի ինստիտուտին:
«Լրագրողներ՝ հանուն Մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց, թե չգիտի՝ ով է Կ. Անդրեասյանը: «Որքան ինձ հայտնի է, Օմբուդսմենի թեկնածուն պետք է հայտնի կամ ճանաչված լինի հանրության կողմից եւ հեղինակություն ունենա: Ես կարծում եմ, Կ. Անդրեասյան անունը հանրությանը ծանոթ չէ, որեւէ իրավապաշտպան գործունեություն նա տարե՞լ է, որեւէ կերպ իրեն դրսեւորե՞լ է այդ ոլորտում, որ հավակնություն ունի Օմբուդսմեն դառնալու: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած մեկին կարող են ՄԻ Պաշտպան առաջադրել ու նշանակել՝ նույնիսկ Գեւորգ Դանիելյանին, որը նախկինում դատախազ է եղել: Կ. Անդրեասյանն ինքը պիտի գիտակցի ու այնքան օրինավոր մարդ լինի, որ հրաժարվի այդ առաջարկից՝ հատկապես, որ մենք ոչ լավ կողմերից գիտենք նրան»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատի ունենալով մամուլի ազատությունը սահմանափակող նրա առաջարկած օրինագիծը: Ժ. Ալեքսանյանը նկատեց, թե հեռուստատեսությամբ հարցազրույց անելն ու իրավաբան լինելը դեռ չի նշանակում, որ նա կարող է Օմբուդսմենի թեկնածու լինել՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Կ. Անդրեասյանը, որը հայտնի է որպես իշխանություններին հարող շրջանակի ներկայացուցիչ, այնուամենայնիվ, պաշտպանելու է միայն իշխանության շահը. «Չեմ կարծում, թե նա որեւէ շարքային քաղաքացու շահ պաշտպանելու է, թեեւ Օմբուդսմենի հիմնական առաքելությունը հենց մարդու իրավունքները պաշտպանելն է»: Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ իշխանական կոալիցիան չփորձեց արդեն իսկ որոշակիորեն վատ համբավ ունեցող Անդրեասյանի փոխարեն առաջադրել որեւէ լոյալ ու հանրությանն արդեն հայտնի իրավապաշտպանի, Ժ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Որովհետեւ կոալիցիային պետք էր առաջադրել մի թեկնածուի, ով իր կողմից վերահսկելի կլինի»: Նա նաեւ հավելեց, թե այդ թեկնածուից անձամբ ինքը ոչ մի լավ բան չի սպասում:
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի առաջին արձագանքը Կ. Անդրեասյանի՝ որպես Օմբուդսմենի թեկնածու առաջադրմանը, այս էր. «Դա էնքան տխուր հանգամանք է, որ դրա մասին ասելու բան էլ չկա»: Այդուամենայնիվ, նա նկատեց, թե «այս իշխանությունների պարագայում խոսել Օմբուդսմենի ինստիտուտի մասին ընդհանրապես չարժե: Իշխանությունները խնդիր չունեն Օմբուդսմեն, իրավապաշտպան ունենալ, որը կպաշտպանի մարդու իրավունքը: Նրանք խնդիր ունեն այդ պաշտոնում ունենալ մարդ, որը հնարավորինս ու մաքսիմում լոյալ կլինի իշխանությունների հանդեպ»: Անդրադառնալով Կ. Անդրեասյանի՝ որպես մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակողի համբավին, իրավապաշտպանը նկատեց, թե այդ դեպքից հետո նա «իրոք, համապատասխանում է մեր իշխանությունների՝ Մարդու իրավունքների ու ազատությունների մասին պատկերացումներին, եւ դրանց շրջանակներում, այո՝ Օմբուդսմեն նրան պիտի առաջարկեին»:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ Կ. Անդրեասյանին առաջադրելու փաստը որակեց որպես «ամենաայլանդակ բանը, որ կարող էր արվել»: Նա նկատեց, որ «այդ տեսակի մարդը, որն առաջարկում է լրագրողների, մամուլի դեմ ուղղված օրենսդրություն, չի կարող Օմբուդսմեն լինել: Նա լրիվ տեղավորվում է իշխանության տրամաբանության մեջ»: Ա. Սաքունցը նաեւ փաստեց, թե իշխանություններին ընդհանրապես լոյալ մարդ այդ պաշտոնում պետք էլ չէր. «Իշխանություններն իրենք արդեն ցայտնոտի, ցունցվանգի մեջ են ու չեն հրաժարվում իրենց վարքագծից՝ հնարավորինս ապահովել մարդու խախտված իրավունքների մշտական լինելը: Այսինքն՝ նրանք ոչ թե շահագրգիռ են մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ պարբերաբար խախտմամբ՝ տարբեր բնագավառներում: Ի՞նչ կարելի է սպասել նման իշխանություններից: Սա ուղղակի մեկ կամ տասը քայլ հետընթաց չէր այդ ինստիտուտի ձեւավորման տեսանկյունից, այլ հարյուր քայլ հետընթաց է: Սրանով իշխանությունները, ըստ էության, հերթական անգամ մեսիջ են ուղարկում հասարակությանը՝ հույս չունենաք, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքների վերականգնման բնագավառում որեւէ հնարավորություն ձեզ կընձեռվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել