Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵՐԱՀԱՎԱՏ Է, ԹԵ ԲԱՐԵՓՈԽԵՆ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ասուլիսում ամենակարեւորը համարեց հետեւյալ հարցը, որն ուղղեց իշխանություններին. «Եվրանեսթը» կարող է Հայաստանի համար օգտակար եւ արդյունավետ բեմ լինել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանն իսկապես նվիրվի նրա եւ Արեւելյան գործընկերության ծրագրերում նշված բարեփոխումներին։ Եթե մենք իսկապես գնում ենք այդ բարեփոխումների ճանապարհով, ուրեմն «Եվրանեսթը» մեզ համար իսկական ճիշտ տեղ է: Բայց եթե իմիտացիոն քաղաքականություն է վարվելու, եթե նորից բարեփոխումները խեղդվելու են խոսքերի տակ, եւ իրականում ոչինչ տեղի չունենա մեր երկրում, ինչպես որ մենք վերջին տարիներին հաճախ նկատել ենք՝ «Եվրանեսթ»-ը դառնալու է մեր գլխին պատուհաս։ Եվ ես սա նախազգուշացնում եմ ե՛ւ մեր հանրությանը, ե՛ւ իշխանություններին, որոնց դա արել եմ ե՛ւ ուղղակիորեն, ե՛ւ ձեր միջոցով: Որովհետեւ մենք շատ լուրջ պրոբլեմներ կարող ենք ունենալ, եւ «Եվրանեսթը» կդառնա պարզապես եւս մեկ բեմ, որտեղ Հայաստանին կսկսեն քննադատել տարբեր գործած եւ չգործած մեղքերի համար»:
«Առավոտի» հարցին, թե իշխանություններն ինչպե՞ս են արձագանքել բարեփոխումների դանդաղելու դեպքում հնարավոր վտանգների վերաբերյալ իր այս նախազգուշացմանը՝ պրն Հովհաննիսյանը մասնավորապես այսպես պատասխանեց. «Ղեկավարությունը երբեք չի առարկում: Ղեկավարությունը համաձայն է, որ այդ բարեփոխումներն անհրաժեշտ են: Բայց ե՞րբ դրանք տեղի կունենան՝ կոնկրետ լուծում ես մինչեւ հիմա չեմ տեսել»: Ավելի ուշ հավելեց, թե կասկածով է վերաբերվում դրա հավանականությանը. «Եթե ես վստահ լինեի, որ այդ բարեփոխումները իրականացնող իշխանություն է՝ ես միգուցե կոալիցիայի մեջ լինեի։ Բայց ես վստահ չեմ։ Ավելի՛ն՝ ես վստահ եմ, որ շատ քիչ հավանականություն կա, թե այս կազմով, այս քաղաքական որդեգրած կուրսով մենք նման բարեփոխումները կարող ենք հաջող ավարտի հասցնել: Ես, ցավոք, թերահավատ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել