Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«3Ա»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Փետրվար 24,2011 00:00

Facebook սոցիալական ցանցում գործող Առցանց ազատականների ալյանսը՝ 3Ա-ն, երեկ հանդես է եկել միանգամից երկու հաղորդագրությամբ, որոնք երկուսն էլ ընդունվել են «3Ա» խմբի քննարկման եւ առցանց քվեարկության արդյունքում:
«3Ա»-ն արձանագրելով, որ ինչպես այլ շատ ոլորտներում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւս չի գիտակցվում ստեղծված ինստիտուտի անհրաժեշտությունը եւ այն դիտվում է զուտ որպես եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ձեւ, եւ նկատի ունենալով, որ այժմ ՀՀ թվով երրորդ ՄԻ պաշտպանին ընտրելու նախաշեմին ենք գտնվում, հասարակության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ «համազգային աղետի որակ ձեռք բերող ու օրըստօրե ահագնացող արտագաղթը խթանող ծանրակշիռ հանգամանքներից մեկը հենց մարդու իրավունքների ոտնահարումն է Հայաստանում: Ուստի՝ բոլորիս խնդիրն է պարզ ինքնապաշտպանության բնազդն անգամ կորցրած եւ յուրաքանչյուր նշանակում ֆարսի վերածող օրվա իշխանություններին ստիպել՝ հասկանալու, որ ոչ թե խամաճիկի, այլ լիովին անկախ ու ինքնուրույն գործող մեկի կարիքն ունենք այդ պաշտոնում: Մարդու, ով արդեն իսկ իր գործունեությամբ ապացուցել է այդպես գործելու իր ունակությունը:
Ելնելով վերոգրյալից՝ ստորեւ հասարակության ուշադրությանն ենք ներկայացնում չորս, մեր կարծիքով՝ անհրաժեշտ որակներ ունեցող թեկնածուների անուններ եւ կոչ անում բոլոր հնարավոր օրինական ձեւերով դրդել վճիռ կայացնողներին ճիշտ ընտրության: Ահա նրանք՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ, Զարուհի Փոստանջյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Վարդան Հարությունյան՝ ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող»:
«3Ա»-ն իր մյուս հայտարարությամբ անդրադարձել է Լիբիայում ընթացող իրադարձություններին՝ դրանք անվանելով որպես այդ երկրի իշխանությունների կողմից «սեփական ժողովրդի վայրագ կոտորած»: «Լիբիացիների խիզախ ու անձնուրաց պայքարը, հանուն ազատության եւ արդարության, հիացմունքի եւ հարգանքի է արժանանում Հայաստանում։ Մենք կիսում ենք լիբիացի արաբ ժողովրդի ցասումն ու ընդվզումը, քանզի մեզ քաջ ծանոթ է հանուն իր սին իշխանության ժողովրդի արյունը հեղելու եւ սեփական երկիրը կործանելու խղճուկ եւ ողորմելի բռնակալների պատրաստակամությունը: Համոզված ենք, որ թե՛ Հայաստանում 2008 թ. մարտի 1-ին կատարված ոճրագործությունը, թե՛ Քադդաֆիի բռնապետության կողմից Լիբիայում այսօր սանձազերծված սպանդը անպատիժ չեն մնալու: Քաղաքակիրթ մարդկությունը պարտավոր է բողոքի հուժկու ձայն բարձրացնել բռնապետությունների դեմ ու սեփական կառավարություններից ու միջազգային կազմակերպություններից պահանջել համակողմանիորեն սատարել ժողովուրդների՝ հանուն ազատության պայքարին, ինչպես նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել սեփական ժողովրդի արդար դատի առջեւ կանգնելու հեռանկարից անասնական վախով տոգորված բռնապետների արյունալի գործողությունները կասեցնելու համար: Շուտափույթ հաղթանակ եւ ազատություն ենք մաղթում Լիբիայի ժողովրդին»,- հայտարարել է «3Ա»-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել